«Գյումրի-Գարեջուր» ընկերությունը պետական բյուջե շուրջ 360 մլն դրամ պակաս հարկ է վճարել, որից մոտ 210 մլն դրամը՝ ակցիզային հարկի, եւ ավելի քան 150 մլն դրամը՝ շահութահարկի գծով:Ինչպես հայտնել են ՀՀ Պետական եկամուտների կոմիտեում, «Գյումրի-Գարեջուր»-ն իր արտադրանքը հիմնականում իրացրել է փոխկապակցված ընկերություններին՝ կիրառելով ոչ շուկայական գներ: Բացի այդ, ընկերությունը ծառայություններ է ձեռք բերել շրջանառության հարկ վճարող անհատ ձեռնարկատերերից, մինչդեռ ՊԵԿ-ի նախնական ուսումնասիրությունը կասկած է հարուցում, որ ծառայություններն իրականում չեն մատուցվել, սակայն նվազեցվել են համախառն եկամտից: «Հարկային պարտավորությունների նախնական հաշվարկի համաձայն՝ «Գյումրի-Գարեջուր» ընկերության կողմից չհաշվարկված հարկի գումարը գերազանցում է նվազագույն աշխատավարձի տասնհինգհազարապատիկի չափը: Ուստի, ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման եւ վարչական վարույթների իրականացման վարչության հետաքննություն բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով՝ առանձնապես խոշոր չափի հարկը չվճարելու նպատակով օրենքով սահմանված հաշվետվությունում ակնհայտ կեղծ տվյալ մտցնելու դեպքի առթիվ:Հետաքննության բաժնի եւ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների համատեղ գործողությունների ընթացքում դատարանի որոշման հիման վրա կատարված խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել են քրեական գործի համար կարեւոր նշանակություն ունեցող փաստաթղթեր, համակարգիչներ, կրիչներ եւ հաշվապահական այլ փաստաթղթեր: Հետաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 2899