ՏՄՊՊՀ-ն պարզաբանում է որոշ ապրանքների գների փոփոխությունը

04.06.2018 | 18:04 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՏՄՊՊՀ
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր պարզաբանում է տարածել մանրածախ առեւտրային ցանցերում որոշ ապրանքների գների փոփոխության վերաբերյալ:

Պարզաբանման մեջ մասնավորապես ասված է.

«Վերջին օրերին մամուլում եւ սոցիալական ցանցերում քննարկվում է մայրաքաղաքի խոշոր սուպերմարկետներում տեղի ունեցած գյուղատնտեսական որոշ ապրանքների գների փոփոխությունների խնդիրը: ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը տեղեկացնում է, որ օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում, վերահսկողություն է իրականացվում բացառապես գերիշխող ապրանքային շուկաների նկատմամբ:

Առավելապես քննարկվում է մսի  թանկացման հարցը, ինչի հետ կապված տեղեկացնում ենք, որ տվյալ շուկայում գերիշխող տնտեսվարողներ չկան: Մսի շուկան համարվում է մրցակցային, ցածր կենտրոնացվածություն ունեցող շուկա, որտեղ գները կարգավորվում են շուկայական մեխանիզմների միջոցով: Այդ շուկայում գործում են հարյուրավոր մասնավոր ընկերություններ, անհատներ, ֆերմերային տնտեսություններ, եւ որեւէ տնտեսվարող չի համապատասխանում  գերիշխող համարվելու համար օրենքով սահմանված չափորոշիչներին: Այնուամենայնիվ, նկատի ունենալով խնդրի սոցիալական նշանակությունը եւ սպառողների մտահոգությունը,  ՀՀ ՏՄՊՊՀ-ն երկօրյա դիտանցում է իրականացրել մայրաքաղաքի խոշոր սուպերմարկետներում:

Հանձնաժողովի դիտանցման խումբը այսօր որեւէ փոփոխություն չի արձանագրել, եւ սպառողները կարող են միսը գնել այն արժեքով, ինչ նախկինում:

Ինչ վերաբերում է նախորդ շաբաթ տեղի ունեցած մսի գնի կարճաժամկետ փոփոխությանը, ապա տեղեկացնենք, որ այն ամբողջությամբ պայմանավորված է հարկային վարչարարությամբ, եւ նման խնդիրները գտնվում են ՏՄՊՊՀ դաշտից դուրս: Հարկային վարչարարության կիրառման սկզբունքները եւ դրանցով պայմանավորված տնտեսվարողների գործողությունները հանձնաժողովի գործունեությանը չեն առնչվում:

Հարկ ենք համարում նաեւ անդրադառնալ մի էական խնդրի եւս: Հանձնաժողովի որոշմամբ՝ որոշ խոշոր սուպերմարկետներ ճանաչվել են գերիշխող դիրք զբաղեցնող: Ի տարբերություն այլ ապրանքային շուկաների, որտեղ գերիշխող համարվելու համար տվյալ տնտեսվարողը իրացման ծավալներով պետք է զբաղեցնի շուկայի առնվազն 1/3-ը, այս դեպքում օրենքի հիմքում դրված են այլ չափորոշիչներ: Մասնավորապես. օրենքը սահմանում է, որ տվյալ առեւտրային կետը պետք է հանդիսանա նվազագույնը չորս կամ ավելի առեւտրային օբյեկտների համախումբ, իսկ առեւտրային գործունեության մասով իրացման տարեկան շրջանառությունը պետք է գերազանցի 1,5 մլրդ դրամի շեմը:

Այնուամենայնիվ, պետք է նկատի ունենալ, որ մեծությամբ առաջին 5 խոշոր սուպերմարկետները («Ալեքս Հոլդինգ», «Նոր Զովք», «Սաս-Գրուպ», «Էվրիկա գրուպ», «Կրպակ») միասին զբաղեցնում են ընդհանուր մանրածախ առեւտրի 15%-ը: Բացի այդ, հարկ է նաեւ նշել, որ մանրածախ առեւտրով զբաղվում են  հազարավոր տնտեսվարող սուբյեկտներ. ԱՎԾ վերջին տվյալների համաձայն, մանրածախ առեւտրի օբյեկտների քանակը կազմել է 17.223 (առանց վառելիքի իրացման գործունեության), մինչդեռ 5 առաջատար ցանցային սուպերմարկետներին պատկանող առեւտրի օբյեկտների ընդհանուր  քանակը 82 է:

Կոնկրետ մսի կամ այս օրերին քննարկվող բանջարեղենի իրացման մասով, վերոնշյալ խոշոր առեւտրային ցանցերի մասնաբաժինը տվյալ ապրանքային շուկաներում  բավականին ցածր է: Այս հանգամանքը փաստում է, որ վերջիններիս կողմից մրցակցությունը  սահմանափակելու  հնարավորություններն ու ռիսկերը  բավականին ցածր են:  

Հանձնաժողովը շարունակում է վերահսկողություն եւ համապատասխան ուսումնասիրություններ իրականացնել գերիշխող ապրանքային շուկաներում՝ օրենքով սահմանված չարաշահման դեպքերը կանխարգելելու եւ բացահայտելու ուղղությամբ»:
Դիտում՝ 1661
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW