Fitch-ը հաստատել է Երեւանի B+ վարկանիշը՝ դրական կանխատեսմամբ
04.06.2018 | 16:20 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Photolure

Միաժամանակ, Երեւանի՝ արտարժույթով թողարկողի դեֆոլտի կարճաժամկետ վարկանիշը հաստատվել է B մակարդակում:
Գործակալության բնորոշմամբ՝ Երեւանի վարկանիշը սահմանափակված է Հայաստանի B+/դրական վարկանիշով, մասնավորապես՝ կապված «երկրի տեղական եւ տարածքային կառավարման ինստիտուցիոնալ թույլ հիմքերի հետ, որը հանգեցնում է երկրի բյուջետային քաղաքականության ցածր կանխատեսելիության, նեղացնում պլանավորման հորիզոնն ու խոչընդոտում երկարաժամկետ ծրագրերի մշակմանը»:
Բացի այդ, վարկանիշը հաշվի է առնում Երեւանի մայրաքաղաքի կարգավիճակը, պարտքեր չունենալու հանգամանքը, բյուջեի գոհացուցիչ կատարումը՝ ամրապնդված պետբյուջեից մշտական հատկացումներով:
Վարկանիշի դրական հեռանկարը պայմանավորված է Հայաստանի սուվերեն վարկանիշի միեւնույն հեռանկարով:
Fitch-ը կանխատեսում է, որ Երեւանը 2018-2020 թթ. կշարունակի վարել գոհացուցիչ բյուջետային քաղաքականություն՝ գործառնական մարժայի ցածր՝ մեկնիշանոց ցուցանիշով (2017-ին այն կազմել է 2,9%):
«Մեր կանխատեսմամբ՝ քաղաքի գործառնական մարժան կշարունակի բարելավվել՝ պայմանավորված միջնաժամկետում Հայաստանի համար ծրագրված տնտեսական աճով: Ակնկալում ենք նաեւ, որ Երեւանը 2018-2020 թթ. կվարի հավասարակշռված բյուջե, որը մոտ կլինի քաղաքի պատմական ցուցանիշներին (2017-ին՝ 0,7% ավելցուկ)»:
Գործակալության բնորոշմամբ՝ մայրաքաղաքի ֆիսկալ քաղաքականությունը մեծապես կախված է ՀՀ կառավարության հատկացումներից (2017-ին դրանք կազմել են Երեւանի գործառնական եկամուտի 72%-ը): Fitch-ը հավատացած է, որ այս միտումը կշարունակվի նաեւ առաջիկայում:
Երեւանի կապիտալ ծախսերը 2017-ի վերջին կազմել են ընդհանուր ծախսերի 7,3%-ը, որոնք, ըստ Fitch-ի, 2018-2020 թթ. աստիճանաբար կընդլայնվեն եւ կհասնեն 8-9% ցուցանիշին:
«Ամենայն հավանականությամբ՝ Երեւանը կշահի միջնաժամկետում Հայաստանի տնտեսության վերականգնումից: Մեր մակրոգնահատականներով՝ ՀՀ տնտեսական աճը 2018-2019 թթ. կկազմի մոտ 4%: Լինելով երկրի մայրաքաղաքն ու առավել բնակեցված քաղաքը՝ Երեւանը Հայաստանի խոշորագույն շուկան է եւ ունի ծառայությունների առավել զարգացած ոլորտ: Այդուհանդերձ, բնակչության եկամուտների մակարդակը միջազգային չափորոշիչներով բավական համեստ է: Մեր հաշվարկներով՝ Հայաստանում մեկ շնչի հաշվով համախառն ներքին արդյունքը 2017-ի տվյալներով կազմում է $3 928»,- ասված է գործակալության հաղորդագրությունում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: