Fitch. Քաղաքական ճգնաժամը նվազագույն ազդեցություն է ունեցել տնտեսության վրա

18.05.2018 | 14:10 Գլխավոր էջ / Նորություններ /
#Fitch #Նիկոլ Փաշինյան
Fitch միջազգային վարկանշային գործակալությունը կարծում է, որ Հայաստանում քաղաքական ճգնաժամի խաղաղ հանգուցալուծումն ու տնտեսական ինստիտուտների, այդ թվում՝ Կենտրոնական բանկի գործունեության շարունակականությունը ճգնաժամի ազդեցությունը տնտեսության վրա հասցրել են նվազագույնի:

«Նոր ձեւավորվող կառավարության ունակությունը՝ արդարացնելու փոփոխությունների նկատմամբ իր աջակիցների սպասելիքները՝ առանց պառլամենտական մեծամասնության, կորոշեն, թե որքան երկար կտեւի «մեղրամսի» շրջանը»,- նշում է գործակալությունը՝ ընդգծելով, որ իրենք ակնկալում են ընդլայնող տնտեսական քաղաքականության շարունակականություն:

Fitch-ի գնահատականներով՝ ֆինանսական հատվածում բանկային լիկվիդայնության եւ ավանդների վրա ապակայունացնող ճնշում չի նկատվել, իսկ միջազգային պահուստները շարունակում են մնալ խելամիտ մակարդակի վրա: Բարենպաստ արտաքին միջավայրը՝ կապված սպառողական ապրանքների գների, արտահանման նկատմամբ պահանջարկի եւ տրանսֆերտների շարունակական աճի հետ, նվազեցրել են տնտեսությանը սպառնացող մոտալուտ ռիսկերը:

Գործակալությունը հավատացած է, որ առկա գործոնները խոսում են մակրոտնտեսական եւ ֆինանսական կայունության ապահովման գործում շարունակականության մասին:

«ԿԲ-ն ունի անկախության բարձր մակարդակ, իսկ վերջերս նշանակված ֆինանսների նախարարը նախկին նախարարի տեղակալն է եւ տեխնոկրատ է: Աճին ուղղված բարեփոխումների որոշ նախաձեռնություններ կարող են անգամ համընկնել նախորդ կառավարության նախաձեռնությունների հետ՝ ուղղված տնտեսության դիվերսիֆիկացմանն ու գործարար միջավայրի բարելավմանը»,- գրում է Fitch-ը:


Այնուամենայնիվ, ըստ գործակալության, ներքին քաղաքական անորոշությունն ամբողջությամբ չի վերացել, քանի որ ներկա կառավարությունը լուրջ մարտահրավերների է հանդիպելու՝ կապված խորհրդարանում Հայաստանի Հանրապետական Կուսակցության մեծամասնության հետ:

«Դեռեւս պարզ չէ, թե Նիկոլ Փաշինյանը՝ լինելով քաղաքական «աութսայդեր», կկարողանա՞ կառուցել եւ պահպանել պառլամենտական մեծամասնություն՝ չկորցնելով իր աջակիցներին՝ կոռուպցիայի կրճատման եւ սոցիալական արդարության հաստատման ճանապարհին»,- գրում է Fitch-ը:

Գործակալությունն առաջիկայում չի ակնկալում Լեռնային Ղարաբաղի խնդրի հանգուցալուծում եւ հակամարտությանը սրումը դեռեւս համարում է հավանական:


«Հայաստանի աճի հեռանկարն ու հարկաբյուջետային կոնսոլիդացիայի գործընթացը, որոնք նպաստել էին դեկտեմբերին երկրին դրական հեռանկարով B+ վարկանիշի շնորհմանը, շարունակում են կարեւոր գործոն հանդիսանալ մեր գնահատականների համար»,- նշում է Fitch-ը:
Դիտում՝ 9726
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW