Fitch-ը Հայաստանին շնորհել է B+ վարկանիշ՝ «դրական» հեռանկարով

18.12.2017 | 16:38 Գլխավոր էջ / Նորություններ /
#Fitch #վարկանիշ
Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը Հայաստանի՝ արտարժույթով եւ ազգային արժույթով թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշները հաստատել է «B+» մակարդակում՝ կանխատեսումը «կայուն»-ից դարձնելով «դրական»:

Միաժամանակ, Fitch-ը շնորհել է Հայաստանին արտարժույթով եւ տեղական արժույթով թողարկողի դեֆոլտի կարճաժամկետ «B» վարկանիշ, իսկ երկրի առաստաղային վարկանիշը հաստատվել է «BB-» մակարդակում:

«2014-2015 թթ. ուժեղ արտաքին ցնցումներից հետո Հայաստանի տնտեսությունն այժմ գտնվում է վերականգնման փուլում, որին նպաստում են արտահանման կառուցվածքում դրական փոփոխությունները, արտաքին պահանջարկի ավելի ամրապնդված պայմանները, տրանսֆերտների վերականգնումն ու վստահելի դրամավարկային քաղաքականությունը»,- գրում է գործակալությունը:

Fitch-ը վերանայել է 2017թ. ՀՆԱ-ի աճի իր կանխատեսումը՝ 3,4%-ի փոխարեն այն սահմանելով 4,3%, քանի որ այս ցուցանիշն առաջինից երրորդ եռամսյակներում կազմել է 5,3%: 2018-2019 թթ. համար գործակալությունն ակնկալում է միջինում 3,6% տնտեսական աճ` պայմանավորված դրամական փոխանցումների եւ արտահանման աճի համար ստեղծված բարենպաստ միջավայրով:

«Հայաստանն ուժեղացրել է վերահսկողությունը բյուջետային ծախսերի նկատմամբ։ Դրա շնորհիվ, գործակալության սպասումների համաձայն, բյուջեի դեֆիցիտն աստիճանաբար կնվազի՝ 2016-ի ՀՆԱ-ի 5,5%-ից 2017-ին հասնելով 3,3%-ի, իսկ 2018-ին եւ 2019-ին կկազմի համապատասխանաբար 3% եւ 2,7%»,- կարծում են գործակալության վերլուծաբանները:

Fitch-ը կանխատեսում է, որ պետական պարտքը 2017-ին կկազմի ՀՆԱ-ի մինչեւ 57,5%-ը, 2018-ին այն կհասնի 58,1%-ի եւ հետագայում աստիճանաբար կնվազի: Նրա բնորոշմամբ՝ Հայաստանի պետական պարտքի կառուցվածքն ունի արտոնյալ պարտքի բարձր մակարդակ (ընդհանուր պարտքի 66% տոկոսը), սակայն, մյուս կողմից, ցուցանիշի մոտ 81%-ն արտարժութային է, ինչը Հայաստանին խոցելի է դարձնում փոխարժեքի տատանումների նկատմամբ:

«Ներքին պահանջարկը կխթանի ներմուծման աճը, որը կհավասարակշռվի արտահանումից եկող մուտքերով. վերջինները կամրապնդվեն ապրանքների կայուն գների, նոր շուկաների դիվերսիֆիկացման եւ Ռուսաստանի տնտեսության կայունացմամբ՝ խթանելով արտահանման եւ դրամական փոխանցումների աճը»,- ասված է Fitch-ի հաղորդագրությունում:
Դիտում՝ 12473
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW