ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆինանսների նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Ատոմ Ջանջուղազյանին:Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ատոմ Ջանջուղազյանը երկար տարիներ աշխատել է ՀՀ ֆինանսների նախարարությունում՝ կարեւոր դերակատարում ունենալով նախարարության կայացման եւ զարգացման գործում:«Տվյալ դեպքում նախարարի նշանակման որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով այն առաջնահերթությունը, որի հիմքում համակարգի կայունության եւ պետության համար կարեւոր նշանակություն ունեցող, արդեն մեկնարկած բարեփոխումների ընթացքի ապահովումն է: Մենք առաջիկայում խնդիր ունենք՝ պատշաճ կերպով ներկայացնել ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը, միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, ինչպես նաեւ պետք է սկսվեն ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի նախագծման բավականին ծանր եւ պատասխանատու աշխատանքները»,- ասել է վարչապետը։Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ Ատոմ Ջանջուղազյանը կկարողանա պատշաճ մակարդակով իրականացնել այդ ամենը։Նախկին նախարար Վարդան Արամյանն էլ պատրաստակամություն է հայտնել իր մասնագիտական կարողություններով աջակցել նախարարությանն առաջիկա ծրագրերի իրականացման գործում եւ վստահեցրել, որ Ատոմ Ջանջուղազյանի գլխավորությամբ ՀՀ ֆինանսների նախարարության թիմը կշարունակի իր աշխատանքը նույն ջանասիրությամբ եւ նվիրումով:Ատոմ Ջանջուղազյանը, իր հերթին, ընդգծել է, որ ֆինանսների նախարարության նախաձեռնած բոլոր ծրագրերը կհասցվեն իրենց տրամաբանական ավարտին: Նա վստահեցրել է, որ կանի հնարավորը ՀՀ տնտեսական կայունության ապահովման եւ զարգացման համար: Tweet Դիտում՝ 2470