«Բիզնես Արմենիա»-ի աջակցությամբ եւ մոսկովյան Y Republic գործարար ակումբի նախաձեռնությամբ ստեղծված Smart Armenia հարթակը նախատեսում է պատվերներ ապահովել հայաստանյան ծրագրավորողների, վեբ դիզայնի, առցանց մարքեթինգի եւ ՏՏ ոլորտի այլ մասնագետների համար։ Ինչպես Banks.am-ին հայտնել են «Բիզնես Արմենիա»-ից, Smart Armenia-ն ստեղծվել է այս տարվա ապրիլին՝ ՏՏ, մեդիա, դիզայնի հայ մասնագետներին մեկ հարթակում միավորելու եւ մեծ նախագծեր իրականացնելու համար։ Smart Armenia-ին անդամակցում է արդեն 50 մասնագետ։ «Այս հարթակում ՏՏ մասնագետները քննարկումներ կծավալեն նախագծերի, բարդ առաջադրանքների, ինքնակրթման, տեխնոլոգիական նորույթների, շուկայի դինամիկայի եւ բազմաթիվ այլ հարցերի շուրջ։ Այստեղ նրանք կծանոթանան, գործընկերներ կգտնեն, համատեղ միջոցառումներ կկազմակերպեն, պատվերներ կտան միմյանց ու նոր նախագծեր կկազմեն։ Բարձրակարգ մասնագետների պահանջարկ կա հատկապես ռուսական շուկայում»,- նշել է «Բիզնես Արմենիա»-ի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։«Ռուսական շուկայով հետաքրքրվածներն իրենց ծրագրերն առաջ տանելու համար կարող են դիմել ինձ։ Իմ աջակցությունն եմ խոստանում բոլոր փուլերում՝ աքսելերատորներ ընդունվելիս (որտեղ նախագիծը զարգացնում են փորձառու մասնագետները), վենչուրային ֆոնդերին դիմելիս, շնորհանդեսներ կազմակերպելիս, մարդկային ռեսուրսների, ֆինտեխ, ֆուդտեխ եւ այլ ոլորտների թոփ մասնագետների հետ կապվելու անհրաժեշտության դեպքում»,- նշել է Y Republic գործարար ակումբի հիմնադիր Տիգրան Գրիգորյանցը։ Smart Armenia-ն զարգացման առաջին փուլում նախատեսում է ներկայացուցիչներ ունենալ 5-6 երկրում, այդ թվում՝ Միացյալ նահանգներում, Ֆրանսիայում, Ուկրաինայում։ Smart Armenia հարթակին միանալն անվճար է։ Tweet Դիտում՝ 6942