Վարչապետը ՊԵԿ-ի առջեւ խնդիր է դրել չխանգարել տնտեսվարողներին

18.05.2018 | 12:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #Դավիթ Անանյան #Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «անընդհատ խոսում ենք հարկային ու մաքսային համակարգերի բարեփոխումների մասին, բայց եւ արձանագրում, որ դրանք բավարար չեն, ու անհրաժեշտ է բարեփոխումները նոր թափով շարունակել»:

Այս մասին վարչապետն ասել է Պետական եկամուտների կոմիտեում՝ ներկայացնելով կոմիտեի նորանշանակ նախագահ Դավիթ Անանյանին:



Վարչապետի կարծիքով՝ ոլորտում առկա է երկու հիմնական խնդիր, որոնք առաջիկայում պետք է լուծել:

«Առաջինը՝ չխանգարել տնտեսությանը եւ տնտեսվարողներին, երկրորդը՝ ապահովել ստվերային տնտեսության շարունակական կրճատումը եւ բյուջեի եկամտային մասի անշեղ իրագործումը, բյուջեի եկամտային մասի մեծացումը: Այս երկու սահմանների միջեւ ընկած տարածքում է, պարո՛ն Անանյան, որ ես ակնկալում եմ արդյունավետ գործունեություն: Կարծում եմ, որ հենց պետական եկամուտների կոմիտեի, մաքսային եւ հարկային մարմինների գործունեությունից է մեծապես կախված՝ արդյոք վերջին քաղաքական իրադարձությունների արդյունքում կուտակված դրական էներգիան մենք կկարողանանք տրանսֆորմացնել կոնկրետ տնտեսական արդյունքների, թե ոչ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ «այն, ինչ ունենք այսօր, պակասել է մեզ երկար տարիներ»:

«Դա լավատեսությունն է, վստահությունն է ապագայի նկատմամբ: Վստահությունն է, որ մենք կունենանք լրջագույն տնտեսական զարգացում եւ որակական նոր մակարդակի կբարձրացնենք մեր երկիրն ու պետությունը»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:

Վարչապետի խոսքով՝ ՊԵԿ-ի նորանշանակ նախագահից ակնկալում է արագ եւ լուրջ արդյունքներ ոլորտում, որոնք տեսանելի եւ շոշափելի կլինեն քաղաքացիների համար:

Նիկոլ Փաշինյանը կարեւորել է նաեւ կոռուպցիայի դեմ պայքարը եւ նշել, որ կոռուպցիան պետք է արմատախիլ անել:

«Մենք մի ժամանակում ենք, երբ անհնարինը դառնում է իրականություն, հետեւաբար բոլոր ուղղություններով եւ, մասնավորապես, կոռուպցիայի դեմ պայքարի առումով մենք պետք է խնդիրը դարձնենք իրականություն ու դրա հետ կապված որեւէ կասկած չպետք է լինի»,- ասել է վարչապետը:

«Այս նոր իրողությունների շրջանակում վստահեցնում եմ, պարո՛ն վարչապետ, որ մենք կկատարենք այն առաջադրանքները, որոնք երկրի կառավարությունը կդնի մեր առջեւ»,- ասել է Դավիթ Անանյանը:
Դիտում՝ 5552
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW