Մենք տրամադրված ենք ակտիվ փոխգործակցության ԵԱՏՄ գործընկերների հետ՝ ելնելով ապրանքների, ծառայությունների, աշխատուժի եւ կապիտալի ազատ տեղաշարժի գործնական շահերից, ինչպես նաեւ տնտեսական համագործակցության արտոնյալ ռեժիմների ներդրումից, ինչը կարգավորվում է միության օրենքով: ՀՀ կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ` այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում այսօր կայացած Եվրասիական բարձրագույն խորհրդի հերթական նիստին:«ԵԱՏՄ-ի հետ կապված հայ հասարակությունում առկա դիսկուրսը պայմանավորված է նրանով, որ վարչական խնդիրների լուծումը, անցումը դեպի նոր ընդհանուր կարգավորիչ մեխանիզմների, ինչպես նաեւ տարբեր խոչընդոտների առկայությունը դեռեւս չեն արդարացնում բիզնեսի՝ անմիջապես կոնկրետ եւ շոշափելի արդյունքներ ստանալու ակնկալիքները, ինչն ընկած է եվրասիական ինտեգրացիայի գաղափարի հիմքում: Կարծում եմ, որ ԵԱՏՄ երկրների համատեղ ջանքերը եւ ամեն օր տեսանելի արդյունքների հասնելու հետեւողականությունը կարող են կրճատել նման քննարկումների ծավալը: Հայաստանը շահագրգռված է դրանում եւ ելնում է նրանից, որ նախ եւ առաջ անհրաժեշտ է ապահովել առեւտրատնտեսական համագործակցության աճ, շեշտը դնել բարձր եւ նոր տեխնոլոգիաների վրա, գործնականում ապահովել հավասար պայմաններ տնտեսվարող սուբյեկտների համար, գտնել հանգույցներ այն հիմնահարցերի շուրջ, որոնք ուղիղ ազդում են կյանքի որակի վրա: Ի վերջո, եթե տնտեսական ակտիվության ցուցանիշները տեսանելի կերպով չեն զգացվում քաղաքացիների կողմից, ապա դրանք վերածվում են «վիճակագրություն կատեգորիայի»»,- ասել է վարչապետը։Նրա խոսքով՝ հայկական կողմը պատրաստ է աջակցել նիստում համաձայնեցված բոլոր փաստաթղթերի ընդունմանը:«ԵԱՏՄ-ի արտաքին գործունեությանը վերաբերող հարցերի հետ կապված ընդգծեմ, որ դիտորդի կարգավիճակի մասին դրույթը երկար համաձայնեցումներից հետո, մեր կարծիքով, ամբողջությամբ բխում է միության մասին պայմանագրից: Կարծում ենք, որ ԵԱՏՄ-ում երրորդ երկրների հետ փոխգործակցության այլ ձեւաչափեր ներդնելու հարցի մշակումը նպատակահարմար է դիտարկել դիտորդի կարգավիճակի գործնական իրականացման վերլուծությունից հետո: Առավել եւս, որ այսօր նախատեսվում է ընդունել երրորդ երկրների կամ այլ ինտեգրացիոն միավորումների հետ ԵԱՏՄ միջազգային պայմանագրերի մասին համաձայնագիրը, որը միտված է պայմանագրերի կնքման հարցերի կարգավորմանը, համատեղ հետազոտական խմբի աշխատանքի պարզեցմանը եւ շատ ավելիին:2018-2019թ.թ. մակրոտնտեսական քաղաքականության իրականացումը, իսկ դա տնտեսական աճի վերականգման գործընթացի ակտիվացումն է, անկասկած կնպաստի ազգային գերակայություններին հասնելուն, այդ թվում՝ ծառայությունների միասնական շուկայի ձեւավորմանն ուղղված քայլերի իրականացմանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:Նա հույս է հայտնել, որ ԵԱՏՄ անդամ պետությունների հետագա փոխգործակցությունն ուղղված կլինի զարգացմանը՝ ձեռնարկատիրության եւ ներդրումների համար հարմարավետ պայմանների ստեղծման, քաղաքացիների կենսամակարդակի բարելավման միջոցով:Նիստին մասնակցել են նաեւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչպես նաեւ ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ունեցող Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը: Նիստին ներկա է եղել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Tweet Դիտում՝ 2129