Մարտի 9-ին Moody's վարկանշային կազմակերպությունը, անփոփոխ թողնելով արտարժույթով եւ ազգային արժույթով Հայաստանի կառավարության երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն վարկանիշները (B1), փոխել է այդ վարկանիշների հեռանկարը՝ «կայուն»-ից դարձնելով «դրական»: Ինչպես նշել են ՀՀ ԿԲ-ում, Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը «դրական» դարձնելը վկայում է այն մասին, որ Moody's-ը մոտակա 12-18 ամիսների կտրվածքով Հայաստանի տնտեսական զարգացումները գնահատում է դրական: «Դրական հեռանկարը հիմնված է արդյունավետ մակրոտնտեսական քաղաքականությունների վրա, որոնք վկայում են Հայաստանի ինստիտուցիոնալ կարողությունների բարելավման եւ հնարավոր արտաքին ցնցումների նկատմամբ երկրի տնտեսության խոցելիության նվազման մասին: Ավելին, Moody's-ն ակնկալում է, որ ֆիսկալ կառուցվածքի շարունակական բարեփոխումները ժամանակի ընթացքում կամրապնդեն երկրի հարկաբյուջետային դիրքը»,- ասված է հաղորդագրությունում: Երկրի սուվերեն վարկանիշի հեռանկարի փոփոխման հետ մեկտեղ՝ Moody's-ը երկու մակարդակով բարձրացրել է ազգային արժույթով պարտատոմսերի եւ բանկային ավանդների Հայաստանի վարկանիշների վերին սահմանաչափերը՝ դրանք Ba2-ից դարձնելով Baa3: Սա ներդրումային մակարդակի գնահատական է, որի շնորհիվ Հայաստանի մասնավոր հատվածի ձեռնարկությունները կամ ֆինանսական հաստատությունները Moody's-ի կողմից վարկանշման դեպքում ազգային արժույթով պարտատոմսերի եւ բանկային ավանդների համար կարող են ստանալ սուվերեն վարկանիշից (B1) չորս մակարդակ բարձր վարկանիշ (Baa3):Moody's-ը մատնանշել է նաեւ այն ռիսկային գործոնները, որոնք հիմք են հանդիսացել երկրի սուվերեն վարկանիշն անփոփոխ թողնելու եւ այդ վարկանիշի հեռանկարը «կայուն»-ից «դրական»-ի փոխելու համար: Որպես դրական ազդող գործոններ նշվել են՝ -Բարձր, թեեւ տատանողական, ՀՆԱ աճը, -Մակրոտնտեսական կայունությանն աջակցող քաղաքականություններ իրականացնող ինստիտուտների ամրապնդումը, -Արտոնյալ վարկերի մեծ տեսակարար կշռի շնորհիվ պետական պարտքի մատչելիության բարձր մակարդակը:Հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանի սուվերեն վարկանիշը կբարձրանա այն դեպքում, երբ տնտեսական եւ/կամ ինստիտուցիոնալ բարեփոխումները տանեն տնտեսական մրցունակության եւ ինստիտուցիոնալ կարողությունների հետագա կայուն բարելավմանը: Վարկանիշի բարձրացմանը կնպաստի նաեւ Moody's-ի սպասածից ավելի Հայաստանի պարտքի բեռի տեւական եւ նկատելի նվազումը: Ըստ Moody's-ի կանխատեսման՝ Հայաստանի պետական պարտք/ՀՆԱ գործակիցը 2018թ. վերջում կկազմի 56,5%, իսկ 2019թ. վերջում՝ 54,2%: Tweet Դիտում՝ 7263