Երեւան, 13 հուլիսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “ԱրմենՏելի” գլխավոր տնօրեն Օլեգ Բլիզնյուկն այսօր Երեւանում հայտարարել է, որ ընկերությունն աշխատում է բջջային եւ ֆիքսված կապի նորագույն սարքավորումների ներդրման վրա եւ դրանք հանրությանը կներկայացնի մինչեւ տարեվերջ: Պատասխանելով այսօր լրագրողների հարցերին, Օլեգ Բլիզնյուկն ասել է, որ հուլիսի 15-ից կաշխատի “ԱրմենՏելի” բջջային ցանցի բիլինգի նոր համակարգը եւ այն “կատարյալ կորեկտ կհաշվի բաժանորդների գումարները”: Ավելին, նոր համակարգն “ԱրմենՏելին” թույլ կտա մատուցել նոր ծառայություններ եւ առաջարկել նոր սակագնային փաթեթներ: ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի խնդրանքով մեկնաբանելով “Վիվասելի” գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի երեկվա հայտարարությունն այն մասին, որ “ԱրմենՏելն” նոր ծառայություններ է ներդնում նրանից հետո, երբ դա անում ենք մենք”, Օլեգ Բլիզնյուկը նշել է, որ երկու օպերատորները միաժամանակ շուկա հանեցին GPRS բջջային ինտերնետի ծառայությունը, սակայն “ԱրմենՏելը” նախընտրեց ավելի շատ ժամանակ տրամադրել թեստավորմանը: Մեկնաբանելով Ռալֆ Յիրիկյանի մեկ այլ հայտարարությունը, Օլեգ Բլիզնյուկն ասել է, որ ներկայումս Հայաստանում երրորդ սերնդի (3G) բջջային կապի ծառայություն մատուցելու բացառիկ իրավունքը պատկանում է “ԱրմենՏել” ընկերությանը: Օլեգ Բլիզնյուկը հայտարարել է, որ ներկայումս “ԱրմենՏելի” բրենդի փոփոխության հարցն արդիական չէ: Նրա խոսքերով, ավելի շատ ուշադրություն պետք է հատկացվի “ԱրմենՏել” ապրանքանիշին, որ միանշանակ չի ընդունվում բնակչության մի մասի կողմից: “ԱրմենՏել” ապրանքանիշը Հայաստանի ազգային հարստությունն է, եւ այսօր ավելի արդիական է փոփոխել հանրության վերաբերմունքը նրա հանդեպ”,- ասել է ընկերության ղեկավարը: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 5963