Փետրվարի 10-ին Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտվել է ԶԼՄ-ների միջեւ շախմատային չորրորդ առաջնությունը: Այն տեղի է ունեցել ՎՏԲ-Հայաստան Բանկի հովանավորությամբ, Հայաստանի Շախմատի ակադեմիայի եւ Sil Maaza ընկերության աջակցությամբ: Մրցաշարի կազմակերպիչն էր Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան:Չորրորդ տարի անընդմեջ հաղթող է ճանաչվել «Գոլոս Արմենիի» սպորտային լրագրող Վադիմ Մկրտչյանը, որը վաստակել է 6 միավոր՝ 7 հնարավորից: Երկրորդ տեղը զբաղեցրել է «Ֆուտբոլ+» թերթի գլխավոր խմբագիր, ֆուտբոլային հեռուստամեկնաբան Սուրեն Բաղդասարյանը՝ 5,5 միավորով, իսկ երրորդը՝ Haymedia.am կայքի լրագրող Նարեկ Վարազդատյանը՝ 5 միավորով: Բոլոր մրցանակակիրները ստացել են գավաթներ, պատվոգրեր եւ գումարային մրցանակներ: Իսկ մրցաշարի հաղթողին գավաթը փոխանցել է Հայաստանի շախմատի չեմպիոն, գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը:Մրցանակներ են ստացել նաեւ 5 անվանակարգով մասնակիցները՝ 4-րդ տեղ զբաղեցրած՝ Hetq.am կայքի լրագրող Նորայր Շողիկյանը, անկախ լրագրող Արա Նալբանդյանը՝ ամենագեղեցիկ հաղթանակի համար, «Գոլոս Արմենիի» թերթի թղթակից Ռուբեն Մարգարյանը՝ կամքի ուժ դրսեւորելու համար, Վադիմ Մկրտչյանը՝ ամենաարագ հաղթանակի համար, եւ «Ասպետ» թերթի խմբագիր, 72-ամյա Արթուր Բունիաթյանը՝ որպես ամենատարեց մասնակից:Մրցաշարին մասնակցել է 17 լրագրող տարբեր լրատվամիջոցներից: Այն անցել է շվեյցարական մրցակարգով՝ 7 խաղափուլով, արագ շախմատի կանոնակարգով` յուրաքանչյուր պարտիայի համար մասնակիցներին հատկացվել է 10-ական րոպե ժամանակ, յուրաքանչյուր քայլի համար՝ 5 վայրկյան հավելումով:Մրցաշարի գլխավոր մրցավարն էր միջազգային կարգի մրցավար Վահագն Խաչատրյանը: «Մրցաշարի նպատակն է խթանել շախմատի զարգացմանը հանրապետությունում, սերմանել սպորտային ապրելակերպ լրագրողական հանրությանը»,- նշել է Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը: Tweet Դիտում՝ 4153