Ավիաչվերթերն ավելի հաջողակ են լինելու, ասել է վարչապետը

07.02.2018 | 13:23 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կարեն Կարապետյան #Սերգեյ Ավետիսյան #չվերթ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ասել է, որ պետք է աշխատել թռիչքների աշխարհագրության մեծացման ու բյուջետային ավիաընկերությունների ներգրավման ուղղությամբ:

«Մենք պետք է հասկանանք, թե որոնք են մեր թույլ տեղերը եւ ինչ պետք է շտկենք, որպեսզի կարողանանք ուղեւորահոսքն էլ ավելի մեծացնել: Թիվ մեկ խնդիրը, որին մեր ջանքերը պետք է ուղղենք՝ թռիչքների աշխարհագրությունը մեծացնելն է: Երկրորդ, մենք պետք է գնահատենք քայլերը, որպեսզի կարողանանք բյուջետային ավիաընկերություններ ներգրավել: Երբ մակրո առումով հասկանանք մեր խնդրահարույց տեղերը եւ դրանց վրա աշխատենք՝ բերելու ենք նրան, որ մեծանալու է աշխարհագրությունը, ավիաչվերթերն ավելի հաջողակ են լինելու եւ այլն»,- ասել է Կարեն Կարապետյանը Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանի հետ հանդիպմանը:

Կարեն Կարապետյանը կարեւորել է Երեւանը որպես տրանզիտային ուղղություն զարգացնելուն ուղղված քայլերը: Բացի այդ, անհրաժեշտ է համարել փոքր ավիացիայի զարգացումը եւ դեպի Մեղրի ավիաչվերթերի գործարկումը՝ հաշվի առնելով ազատ տնտեսական գոտու առկայությունը:

«Մենք մի քանի կետերով եւ ուղղություններով պետք է ունենանք փոքր ավիացիայի զարգացման ծրագիր»,- ասել է վարչապետը:

Սերգեյ Ավետիսյանն էլ ասել է, որ փոքր ավիացիայի հետ կապված արդեն իսկ ուսումնասիրություններ են իրականացվել, եւ աշխատում են մասնավոր գործընկերների հետ՝ հնարավոր գործակցություն ծավալելու նպատակով:

Քաղավիացիայի վարչության պետի խոսքով՝ պարզեցվել է նաեւ տեղական եւ օտարերկրյա ավիաընկերություններին օդային հաղորդակցությունների իրականացման համար թույլտվությունների տրամադրման գործընթացը: Նոր մուտք գործող ավիաընկերությունների համար իրականացվում է սակագնային ճկուն զեղչային քաղաքականություն:      

Սերգեյ Ավետիսյանի խոսքով՝ 2017թ. դեկտեմբերի 7-ից ներդրվել է Հայաստանի օդային տարածքում 9500 մետրից բարձր ժամը 00:00-ից մինչեւ 06:00-ն «Օդային մայրուղիներից ազատ օդային տարածք» (Free Route Airspace) հայեցակարգը:

Համաձայն փաստաթղթի՝ ավիաընկերությունները հնարավորություն կունենան ՀՀ օդային տարածք մուտք գործել յուրաքանչյուր սահմանված կետից եւ չվերթն իրականացնել ազատորեն ընտրված երթուղով, ինչը, ըստ Սերգեյ Ավետիսյանի, կարող է կրճատել չվերթների իրականացման ծախսերը՝ էապես նվազեցնելով վառելիքի ծախսը:

Հանձնարարվել նաեւ հստակ ձեւակերպել ավիաչվերթերի ընդլայնման, ուղեւորահոսքերի ավելացման, բյուջետային ավիաընկերությունների ներգրավման, փոքր ավիացիայի զարգացման ուղղություններով 2018թ. ծրագիրն ու թիրախները:
Դիտում՝ 2815
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW