Եկե՛ք ու ներդրումնե՛ր արեք Հայաստանում, ասել է վարչապետը Ցյուրիխում
23.01.2018 | 09:18 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն




ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, հունվարի 22-ին Ցյուրիխում հանդիպելով շվեյցարացի գործարարների հետ, կոչ է արել ներդրումներ կատարել Հայաստանում:
«Այսօր ձեզ ուղղված իմ ուղերձը պարզ ու անկեղծ է՝ եկե՛ք ու բիզնեսո՛վ զբաղվեք Հայաստանում, եկե՛ք ու ներդրումնե՛ր արեք Հայաստանում: Մեր երկիրը ներդրումներ կատարելու եւ բիզնեսով զբաղվելու արժանի վայր է»,- ասել է վարչապետը:
Նա գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ ապրանքաշրջանառությունը 2017թ. աճել է շուրջ 3,5 անգամ՝ 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ:
Կարեն Կարապետյանն անդրադարձել է նաեւ Հայաստանի տնտեսությունում նախաձեռնված բարեփոխումներին՝ ընդգծելով, որ 2017թ. համար ՀՆԱ-ի աճը կհասնի շուրջ 7%-ի:
«Եթե ինձ հարցնեք, թե կոնկրետ որ ոլորտում դուք պետք է ներդրում կատարեք, ապա ես կպատասխանեմ, որ կան մի շարք ոլորտներ. գյուղատնտեսություն եւ գինեգործություն, ՏՏ եւ բարձր տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն, դեղագործություն, ենթակառուցվածքներ, էներգետիկա եւ հանքարդյունաբերություն, ոսկերչություն եւ ակնագործություն, ժամագործություն եւ այլն: Այո, Հայաստանը չափերով փոքր է, բայց Հայաստանով անցնող շուկաները շատ ավելի մեծ են: Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, որն իրենից ներկայացնում է 180-միլիոնանոց ընդհանուր շուկա եւ տնտեսական միություն:
Մենք սահմանակցում ենք Իրանին, որն ունի ավելի քան 80 միլիոն բնակչություն եւ որի հետ Հայաստանն ունի բարիդրացիական հարաբերություններ: Վերջերս Իրանի հետ սահմանին մենք հիմնեցինք Մեղրի ազատ տնտեսական գոտին, որն իր հերթին կարող է հետաքրքրել նրանց, ովքեր ցանկանում են ուսումնասիրել Իրանը դրսից, բայց բավականաչափ մանրակրկիտ:
Այս ամենին գումարվում է Եվրամիությունն իր ավելի քան 500 միլիոն բնակչությամբ, որի հետ Հայաստանը բոլորովին վերջերս ստորագրեց Համապարփակ եւ Ընդլայնված Գործընկերության Համաձայնագիրը, ի հավելումն ԵՄ-ի հետ ունեցած GSP+ համակարգի: Հայաստանում արտադրության եւ ծառայությունների ծախսերը մատչելի են, ուստի «Պատրաստված է Հայաստանում» ապրանքները կարող են մրցունակ լինել ԵՄ-ում»,- ասել է Կարեն Կարապետյանը:
Նշելով, որ մոտ ապագայում նախատեսված է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դե Բումանի եւ մի շարք շվեյցարացի գործարարների այցը Հայաստան, ՀՀ վարչապետը նշել է, որ դա շատ լավ առիթ է տեղում ծանոթանալու Հայաստանի երկրի հնարավորություններին:
Հանդիպման ավարտին Կարեն Կարապետյանն ուղեւորվել է Դավոս, որտեղ մասնակցում է Համաշխարհային տնտեսական համաժողովին:
Վարչապետը հունվարի 22-ին մասնակցել է նաեւ «Քրիսթալ» 24-րդ ամենամյա մրցանակաբաշխության բացման արարողությանը, ինչպես նաեւ համաժողովի մասնակիցների պատվին Ֆորումի հիմնադիր եւ գործադիր նախագահ Կլաուս Շվաբի կողմից տրվող ընդունելությանը:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: