Երեւանում այսօր մեկնարկել է հայ-շվեյցարական առաջին բիզնես համաժողովը, որի նպատակն է մեկ հարկի տակ հավաքել Շվեյցարիայի եւ Հայաստանի մասնավոր ու պետական հատվածի ներկայացուցիչներին։ «Վերջին 25 տարիներին մեր տնտեսական հարաբերությունները տպավորիչ արդյունքներ են գրանցել։ Հատկապես այս տարի երկկողմ առեւտրատնտեսական ոլորտում աճ է գրանցվել՝ կազմելով 170 մլն շվեյցարական ֆրանկ (մոտ $173 մլն)։ Այս համաժողովի կազմակերպմամբ՝ մենք ցանկանում ենք շահագրգիռ բոլոր կողմերին միավորել, որ նրանք հնարավորություն ունենան քննարկել համագործակցության բոլոր հնարավորությունները, ինչպես նաեւ մեր տնտեսական հարաբերություններին նոր խթան հաղորդել»,- ասել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասսերը։ Նա ընդգծել է, որ Շվեյցարիան Հայաստանի ակտիվ առեւտրային գործընկերն է։«Շատ կարեւոր է, որ մեր երկրների բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները միմյանց լավ ճանաչեն՝ բիզնես հնարավորությունների եւ նոր գաղափարների իրագործման տեսանկյունից»,- ասել է դեսպանը։Լուկաս Գասսերի խոսքով՝ շվեյցարացի գործարարները մեծապես հետաքրքրված են Հայաստանի ֆինանսների, դեղագործության, գինեգործության, մետաղների արդյունահանման եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտներով։Դեսպանը նշել է, որ Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ ստորագրված նոր համաձայնագիրը եւս կարող է որոշակի ազդեցություն ունենալ երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացման վրա։ Նա հույս է հայտնել, որ բիզնես համաժողովը շարունակական բնույթ կկրի եւ շոշափելի արդյունքներ կարձանագրի։ Tweet Դիտում՝ 3509