Սննդամթերքի անվտանգության նկատմամբ վերահսկողությունն ամանորյա օրերին կխստացվի:Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) պետ Իշխան Կարապետյանը:«Տոնական օրերին գործելու է վերահսկողության խիստ ռեժիմ, սահմանին՝ հերթապահություն, իսկ ՍԱՊԾ «Թեժ գիծը» գործում է շուրջօրյա՝ ապահովելով սպառողների հետ կապի անընդհատությունը»,- ընդգծել է նա:Իշխան Կարապետյանի խոսքով՝ ՍԱՊԾ-ն 2017թ. տրամադրել է հաց-հացաբուլկեղենի 565 եւ միս-մսամթերքի 124 սանիտարական անձնագիր:Նա ընդգծել է, որ սանիտարական անձնագրերի տրամադրման գործընթացը շարունակվում է սահմանված ժամանակացույցի համաձայն՝ վստահեցնելով, որ այսօր մայրաքաղաքում հաց-հացաբուլկեղենը տեղափոխվում է էականորեն բարելավված պայմաններում:Ծառայության պետը տեղեկացրել է, որ տարվա ընթացքում իրականացվել է պետական վերահսկողական ավելի քան 1300 միջոցառում, 84 անասնահամաճարակային մշտադիտարկում եւ 1805 շրջայց: Ծառայության ուշադրության առանցքում են եղել միս-մսամթերքի, կաթ-կաթնամթերքի, զովացուցիչ ընպելիքների, հացի, հրուշակեղենի արտադրության ոլորտները, կրթական ու նախակրթական հաստատությունները, մսի շուկաները, իրացման ցանցերը: Արդյունքում, խախտումների հիման վրա տրվել է գործունեության կասեցման, հետ կանչի, վտանգավոր սննդամթերքի ոչնչացման ավելի քան 300 կարգադրագիր: Միեւնույն ժամանակ, «Թեժ գծին» այս տարի ստացվել է 2531 ահազանգ, հայտարարություն, հարցում՝ գրեթե երեք անգամ ավելի նախորդ տարվա համեմատությամբ:Պետական սահմանային վերահսկողության շրջանակում հայտնաբերվել է խախտման ավելի քան 140 դեպք: Արդյունքում, լաբորատոր փորձաքննության անհամապատասխանության հիմքով, ոչնչացվել եւ օգտահանվել է շուրջ 60 հազ. կգ սննդամթերք, մասնավորապես՝ հավի աղացած միս, չոր կաթնային սիճուկ, կերակրի աղ եւ այլն, ընդունվել է շուրջ 120 ներմուծումը կասեցնելու որոշում: Միաժամանակ, սահմանին հայտնաբերվել են մակնշման անհամապատասխանությունների բազմաթիվ դեպքեր:Խոսելով առկա խնդիրների մասին՝ ծառայության պետն ընդգծել է, որ ոլորտում դրանք շատ են եւ մեկ օրում չեն լուծվելու՝ լինի տնտեսվարողի անպատասխանատվության արդյունքում հայտնաբերված ժամկետանց սննդին, թե արտադրողի անբարեխղճությանն ու որակի կառավարման համակարգերի բացակայությանը, թե նախատոնական օրերին շահույթն ավելացնելու նպատակով ձիու միս իրացնելու փորձին վերաբերող: «Կուտակված խնդիրներ կան, որոնց դեռեւս իրավիճակային լուծումներ են տրվում, փոխարենը հստակ ամրագրել ենք ու սկսել գործարկել այն մեխանիզմերը, որոնք որակական փոփոխություններ կբերեն սննդամթերքի անվտանգության ոլորտում, եւ 2018թ. դրանց արդյունքները տեսանելի կլինեն բոլորիս համար»,- ասել է ՍԱՊԾ պետը: Tweet Դիտում՝ 3769