Սննդամթերքը նոյեմբերին թանկացել է

05.12.2017 | 16:23 Գլխավոր էջ / Նորություններ /
#Գներ #ԱՎԾ
Հայաստանի սննդամթերքի շուկայում նոյեմբերին հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 4,2% գնաճ, ինչը հիմնականում մրգի եւ բանջարեղենի թանկացման արդյունք է:

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ բանջարեղենի ապրանքախմբում 2017թ. նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արձանագրվել է 10,4%, իսկ 2017թ. հոկտեմբերի համեմատ` 25% գնաճ:

Մրգի ապրանքախմբում անցած տարվա նոյեմբերի համեմատ արձանագրվել է 0,7% գնանկում, իսկ այս տարվա հոկտեմբերի համեմատ՝ 13,7% գնաճ:

Կաթնամթերքի, պանրի եւ ձվի ապրանքախմբում նոյեմբերին 2016թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 4,1%, իսկ այս տարվա հոկտեմբերի համեմատ՝ 3,5% գնաճ: Ընդ որում, ձվի գինն աճել է 7,8%-ով:

Յուղերի եւ ճարպերի ապրանքախմբում գրանցվել է համապատասխանաբար 14,7%, եւ 2,7% գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է կարագի 5,5% թանկացմամբ:

Մսամթերքն անցած տարվա նույն ամսվա համեմատ թանկացել է 9,7%-ով, իսկ 2017թ. հոկտեմբերի համեմատ՝ 1,6%-ով:

Ձկնամթերքն անցած տարվա համեմատ թանկացել է 27%-ով, իսկ հոկտեմբերի համեմատ՝ 0,3%-ով:

2017թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ գրանցվել է հրուշակեղենի՝ 0,3%, ալկոհոլային խմիչքի եւ ծխախոտի 0,4% գնաճ:

Շաքարի եւ շաքարավազի ապրանքախմբում անցած տարվա նույն ամսվա համեմատ գրանցվել է 5,4%, իսկ այս տարվա հոկտեմբերի համեմատ՝ 1,6% գնանկում:

2017թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սուրճի, թեյի եւ կակաոյի, ոչ ալկոհոլային խմիչքի, հացաբուլկեղենի եւ ձավարեղենի 0,2% գնանկում:

Բացի այդ, ոչ պարենային ապրանքների շուկայում նոյեմբերին հոկտեմբերի համեմատ գրանցվել է 0,5% գնաճ: Ընդ որում, նույնքան տոկոսով աճել են նաեւ բենզինի եւ դիզելային վառելիքի գները:

Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2017թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ արձանագրվել է սակագների 0,4% հավելաճ:

Ընդհանուր առմամբ, սպառողական գները Հայաստանում 2017թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ աճել են 2%-ով, իսկ 2016թ. նոյեմբերի համեմատ` 2,2%-ով:
Դիտում՝ 2710
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW