ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում ասել է, որ տնտեսական գործունեության ոլորտի որոշ հանցագործություններ անհրաժեշտ է ապաքրեականացնել:Նրա խոսքով՝ 2017-ի փետրվարին կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնության արդյունքում ապաքրեականացվել է 2 մլն դրամի չափով հարկը, տուրքը, պարտադիր այլ վճարները չկատարելու համար նախատեսված նորմը՝ այն բարձրացնելով մինչեւ 4 մլն դրամի, ինչպես նաեւ հստակեցվել են այդ արարքների համար քրեական պատասխանատվության հիմքերը։Այդուհանդերձ, ըստ վարչապետի՝ իրականացված ուսումնասիրությունների եւ գործարարների հետ քննարկումների արդյունքում առաջացել է քրեական օրենսգրքով նախատեսված որոշ տնտեսական հանցագործությունների ապաքրեականացման հարցերին ընդհանուր անդրադարձ կատարելու անհրաժեշտություն։ «Միջազգային լավագույն փորձում առկա քրեաիրավական զարգացումները եւս ընթանում են այդ ուղղությամբ՝ հիմք ընդունելով այն, որ նման հանցակազմերի մի մասը չունեն հանրային վտանգավորության բարձր աստիճան, ինչպես նաեւ դրանց իրավական այլ մեխանիզմների միջոցով արձագանքելու հնարավորությունը»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը: Տնտեսական զարգացման եւ ներդրումների, արդարադատության նախարարներին եւ պետական եկամուտների կոմիտեի նախագահին հանձնարարվել է 2-ամսյա ժամկետում համատեղ մշակել եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել քրեական օրենսգրքով նախատեսված տնտեսական գործունեության ոլորտում առկա այն հանցակազմերի ապաքրեականացման վերաբերյալ իրավական ակտերի նախագծեր, որոնք ունեն հանրային վտանգավորության ցածր աստիճան, եւ առկա է դրանց վարչական վարույթի, քաղաքացիական դատավարության շրջանակում լուծման արդյունավետ հնարավորությունները։ Tweet Դիտում՝ 2128