Նոր ծրագիրը կաջակցի ՀՀ արտահանողներին եւ ներդրողներին

27.10.2017 | 14:27 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայաստանի զարգացման հիմնադրամ #Արմեն Ավակ Ավակյան
Բեռնափոխադրող, իրավաբանական, հարկային եւ բիզնես խորհրդատվություն մատուցող 4 ընկերություն անվճար կամ արտոնյալ պայմաններով ծառայություններ կմատուցի արտահանող եւ ներդրող ընկերություններին։

Փոխըմբռնման համապատասխան հուշագիրն այսօր ստորագրվել է Հայաստանի զարգացման հիմնադրամի եւ «Փրո Թաքս», «ԷյԷմ», «Սթեփ Քոնսալթինգ», «Օնեքս» ընկերությունների միջեւ:

Մասնավորապես, «Փրո Թաքս» ընկերությունն առանց ժամկետային սահմանափակման անվճար խորհրդատվություն կտրամադրի բոլոր տեսակի հարկային եւ հաշվապահական հարցերով, առնվազն 2 ամիս անվճար հաշվապահական ծառայություններ կմատուցի՝ նկատի ունենալով հանգամանքը, որ նորաստեղծ ընկերությունների շահութաբերությունն առաջանում է ժամանակի ընթացքում։

«ԷյԷմ իրավաբանական ընկերություն»-ն առանց ժամկետային սահմանափակման անվճար խորհրդատվություն կտրամադրի բիզնես միջավայրի, ընկերության ստեղծման հետ կապված խնդիրների, սեփականատերերի իրավունքների եւ պարտականությունների վերաբերյալ, կառաջարկի հարկային օրենսդրության ուսումնասիրություն եւ լավագույն լուծումներ։ Մի շարք այլ ծառայությունների համար սահմանվում է 20% զեղչ։

«Սթեփ Քոնսալթինգ» ընկերությունը 2 ամիս անվճար բիզնես խորհրդատվություն կտրամադրի շրջանառության, հաշիվների դուրսգրման, արտահանումների պարբերականության, արտասովոր գործարքների, ռիսկերի կառավարման վերաբերյալ, կպատրաստի միջազգային փոխանցումներ, վճարային հանձնարարականներ, կվերլուծի հաշիվները, բանկային շարժերը եւ այլն։

«Օնեքս» ընկերությունը կիրականացնի ՓՄՁ արտադրանքի «էքսպրես» եւ «էկոնոմ» կարգերով առաքումներ` զեղչերով։ Աշխատանքներում կներգրավի ռուսաստանյան գործընկերոջը, որը շուկայի խոշոր բեռնափոխադրող ընկերություններից է։

Հիմնադրամում տեղեկացրել են, որ խորհրդատվական ընկերությունների ցանկը համալրվում է, եւ ներկայում բանակցություններ են ընթանում տասնյակից ավելի ընկերությունների հետ։ Ոլորտի այլ կազմակերպություններ ծրագրին միանալու համար կարող են դիմել հիմնադրամ։

«Այս նախաձեռնությամբ դյուրացնում ենք ելքն ու մուտքը։ Սա արդյունավետ է հատկապես նոր արտահանողների եւ ներդրողների համար։ Պոտենցիալ ներդրողները, որ ամբողջական պատկերացում չունեն հարկային, հաշվապահական, օրենսդրական դաշտից, երկիրը ճանաչելու փուլում կկարողանան անվճար սպասարկում ստանալ։ Իսկ արտադրողները, որ նոր են փորձում հարթել ճանապարհները դեպի օտարերկրյա շուկաներ, հիմնադրամի ու գործընկերների հետ ավելի հեշտությամբ կանեն դա»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։
Դիտում՝ 3521
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW