ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ անհրաժեշտ է զգալի աշխատանք տանել Իտալիայում Հայաստանի հնարավորություններն ու արտադրատեսակները ներկայացնելու համար:Այս մասին Սերժ Սարգսյանն ասել է Իտալիայում Հայաստանի դեսպան Վիկտորիա Բաղդասարյանի հետ հանդիպմանը:«Մենք պետք է իտալացի գործարարներին բացատրենք Հայաստանի հարաբերական մրցակցային առավելությունները՝ նկատի ունեմ նաեւ Եվրասիական տնտեսական միությանը մեր անդամակցությունը: Իտալացիները շատ հմուտ գործարարներ են, նրանք գիտեն իրենց ապրանքները լավ վաճառել, եւ այս առումով կարծում եմ, որ Հայաստանը կարող են տեսնել նաեւ հարթակ այդ 170-միլիոնանոց շուկայում իրենց դիրքերը պահելու»,- ասել է Սերժ Սարգսյանը:Նախագահի խոսքով՝ առաջին կիսամյակում, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, գրեթե 26%-ով աճել է առեւտրաշրջանառությունը, իսկ արտահանումը Հայաստանից դեպի Իտալիա ավելացել է 21%-ով, ինչը, ըստ Սերժ Սարգսյանի, խոսում է այդ հարաբերություններում մեծ ներուժի մասին: «Եթե մենք հաշվի առնենք այն հանգամանքը, որ Իտալիան եվրոպական երկրներում մեր երրորդ առեւտրային գործընկերն է, եւ մեր ապրանքաշրջանառության ծավալում թեթեւ արդյունաբերությունը զբաղեցնում է շուրջ 90%-ը, սա արդեն մեզ պետք է շատ լուրջ հույսերի եւ մտորումների առիթ տա, որովհետեւ մենք արտահանում ենք ապրանքներ, որոնք պահանջարկ ունեն ե՛ւ Իտալիայում, ե՛ւ ընդհանուր Եվրոպայում: Չափազանց կարեւոր է այս տեմպը պահելը»,- ասել է նա:Նախագահը հեռանկարային է համարել հատկապես զբոսաշրջության ոլորտի զարգացումը:«Մենք հիմնականում համագործակցում ենք շինարարության, սննդի արտադրության ոլորտներում, իսկ հիմա դրանք արդեն համալրվում են նոր՝ բարձր տեխնոլոգիաների, էներգետիկայի ոլորտներով, եւ դրանք խոշոր ներդրումներ են: Ես ուղղակի համոզված եմ, որ մի քանի շաբաթ հետո իտալացիները սկսելու են իրագործել մեր պայմանագիրը՝ կապված նոր եւ արդյունավետ ջերմակայանի կառուցման աշխատանքների հետ, իսկ սա մեզ համար էական է»,- նշել է Սերժ Սարգսյանը: Tweet Դիտում՝ 3056