Վայոց Ձորի, Լոռու եւ Սյունիքի մարզերի 25 արհեստագործներ սեպտեմբերի 30-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզում ցուցադրեցին իրենց ձեռքի աշխատանքները։«Իմ ձեռագործ Հայաստան» խորագրով ցուցահանդեսը կազմակերպվել էր Սմիթսոնյան ինստիտուտի կողմից իրականացվող եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Իմ Հայաստան» ծրագրի շրջանակում։ Փառատոնի նպատակը գյուղական շրջաններում հայկական ավանդական արհեստների զարգացման խրախուսումն ու աջակցությունն է։ Շուրջ 6 ամիս Վայոց Ձորի, Լոռու եւ Սյունիքի մարզերի մի շարք արհեստագործներն անցել են դասընթացներ, որոնց շրջանակում ծանոթացել են արտադրանքի մշակման եւ բրենդի ձեւավորման նրբություններին, սովորել մարքեթինգային հնարքներ։ «Կատարելագործելով արհեստագործ վարպետների հմտությունները՝ ծրագիրը նպատակ ունի մեծացնել նրանց կշիռը շուկայում։ Զբոսաշրջիկների համար արհեստագործությանն առնչվելը կարեւոր փորձառություն է։ Սա նաեւ հիանալի հնարավորություն է զբոսաշրջիկների կողմից ծախսվող գումարներն ուղղելու դեպի համայնքներ»,- սեպտեմբերի 29-ին տեղի ունեցած փակ միջոցառման ժամանակ նշել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը։ Դեբորա Գրիզերը Լուսանկարը՝ Մեդիամաքս Սեպտեմբերի 30-ին՝ առավոտյան ժամը 11։00-ից, Գաֆէսճեան քանդակների պարտեզում արհեստագործների տաղավարներն արդեն պատրաստ էին դիմավորելու այցելուներին։ 13 տաղավարներից յուրաքանչյուրն արհեստագործության մի ճյուղ էր ներկայացնում՝ քանդակագործություն, կարպետագործություն, կավագործություն, մանրանկարչություն եւ այլն։ Առաջին տաղավարում իր աշխատանքներն էր ներկայացնում խաչքարագործ Բոգդան Հովհաննիսյանը։ Նրա՝ Վանաձոր քաղաքում գտնվող արհեստանոցի դռները միշտ բաց են քանդակագործություն սովորել ցանկացողների համար։ «Ամեն օր, երբ ես սկսում եմ աշխատանքս իմ արհեստանոցում, շրջապատի բոլոր երեխաներն ինձ մոտ են գալիս։ Ես նրանց կավ եմ տալիս, որ սկսեն քանդակել։ Իսկ երբ երեխաները հարցնում են, թե ինչ քանդակեն, պատասխանում եմ՝ ինձ քանդակեք»,- այսպես է ներկայացնում վարպետ Բոգդանն իր տաղավարում ցուցադրված մարդու գլուխ պատկերող քանդակների պատմությունը։ Աշակերտներից յուրաքանչյուրը վարպետի դիմագծերն իր սեփական ստեղծագործական մոտեցմամբ է պատկերում։ Թերեւս դա է պատճառը, որ արձանիկներն այդքան տարբեր են՝ չնայած որ բնորդը միեւնույն մարդն է: Լուսանկարը՝ Մեդիամաքս Վայոց Ձորի մարզի արհեստագործ Արթուր Պետրոսյանն Արփա գետի շուրջ աճող ուռենու ճյուղերից զամբյուղներ է հյուսում։ «Ծրագրի կազմակերպիչները նախ եւ առաջ ծանոթացան իմ արհեստին, տեսան՝ ինչ հումքով եւ ինչպես եմ աշխատում։ Այնուհետեւ դիզայներներ տրամադրեցին եւ որոշակի ուղղություններ առաջարկեցին»,- պատմում է Արթուր Պետրոսյանն ու ցույց տալիս համատեղ աշխատանքի արդյունքում ստեղծված լոգոտիպն ու այցեքարտը։ Արթուր Պետրոսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս «Իմ ձեռագործ Հայաստան» արհեստների փառատոնի նպատակներից է կապեր ստեղծել հայկական մանրածախ խանութների, զբոսաշրջությամբ զբաղվող կազմակերպությունների եւ մարզային արհեստագործների միջեւ՝ համագործակցության հեռանկար ապահովելու համար։ Արհեստագործներից շատերն արդեն հասցրել են տարբեր առաջարկներ ստանալ՝ կապված օնլայն տիրույթում վաճառք իրականացնելու, ինչպես նաեւ արտադրանքը դրսում իրացնելու հետ։Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի Tweet Դիտում՝ 2730