Նոյեմբերին Հայաստանում Գինու կոնֆերանս կանցկացվի

18.08.2017 | 11:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#Զարուհի Մուրադյան #գինի #խաղողագործություն
Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը տեղեկացրել է, որ նոյեմբերին Հայաստանում նախատեսվում է Գինու կոնֆերանսի անցկացում:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության հաղորդագրության համաձայն՝ նա այս մասին տեղեկացրել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում, որը վարել է հիմնադրամի խորհրդի նախագահ, ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Զարուհի Մուրադյանի խոսքով՝ համաժողովն արդյունավետ կերպով կնպաստի հայկական գինեգործական ավանդույթների եւ նրա մշակութային ժառանգության վերածննդին, հնագույն արժեքների պահպանմանը, տեխնոլոգիաների լայն տարածմանը, ինչպես նաեւ կխթանի գինու միջազգային ստանդարտների համապատասխանության հաստատումը Հայաստանում:

Հիմնադրամն իր առջեւ խնդիր է դրել համաժողովի միջոցով հայկական գինեգործության եւ խաղողագործության ոլորտի ներկայացուցիչներին տրամադրել արժեքավոր եւ գործնական տեղեկատվություն ստանալու հարթակ, ինչը մեծապես կարող է նպաստել սեփական արտադրանքի որակի բարելավմանը եւ բիզնես հաջողությունների հասնելուն:


Նիստում ներկայացվել է նաեւ «Հայաստանի տնկարկների կադաստրի» ստեղծման ծրագրի նախագիծը, որը հնարավորություն կտա գույքագրել հանրապետության խաղողի տնկարկները, առկա սորտերը, վերահսկելի դարձնել գինեգործական արտադրանքի որակը եւ կանխել հնարավոր կեղծարարությունները:

«Մեր նպատակն է ստեղծել էլեկտրոնային միասնական տեղեկատվական համակարգ, որտեղ կտեղադրվի մշտապես թարմացվող տեղեկատվություն խաղողի տնկարկների, բերքի մշակությամբ եւ մթերմամբ զբաղվող բոլոր շահառու կողմերի վերաբերյալ»,- նշել է Զարուհի Մուրադյանը՝ հավելելով, որ ծրագիրը կմեկնարկի այս տարվա սեպտեմբերին:

Հիմնադրամի առաջիկա նախաձեռնությունների թվում է նաեւ հոկտեմբերին Եվրոպայից, ԱՄՆ-ից եւ Կանադայից միջազգային լրագրող-փորձագետների եւ բլոգերների այցի կազմակերպումը:

Ծրագրի շրջանակում Հայաստանի գինեգործական ավանդույթներին տեղում ծանոթանալու նպատակով բլոգերների եւ լրագրող-փորձագետների համար կկազմակերպվեն այցելություններ տարբեր մարզերում տեղակայված խաղողի այգիներ, որտեղ նրանք հնարավորություն կունենան համտեսել տեղական գինիները:

Անդրադառնալով աշնանը Շանհայում կայանալիք ProWine ցուցահանդեսին՝ Զարուհի Մուրադյանը նշել է, որ հայկական կոնյակ եւ գինի արտադրող 15 հայկական ընկերություններ առանձին տաղավարով կմասնակցեն այդ միջոցառմանը:

«Հիմնադրամը ծրագրեր է իրականացնում նաեւ արտահանման ծավալներն ավելացնելու ուղղությամբ, եւ այդ առումով, կարծում ենք, հայկական գինեգործական ընկերությունների համար կարեւոր կլինի մասնակցությունը միջազգային միջոցառումներին, այդ թվում՝ Շանհայի ցուցահանդեսին»,- նշել է Զարուհի Մուրադյանը:

Հիմնադրամի նախաձեռնությունների թվում է Հայաստանի գինեգործության վերաբերյալ իրազեկող տեսահոլովակի նկարահանումը:
Դիտում՝ 3833
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW