Զարուհի Մուրադյան. Լավագույնն այն գինին է, որը բաժակի մեջ չի մնում

14.07.2017 | 09:38 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
#Զարուհի Մուրադյան #Zara wines
Գինու մշակույթը Հայաստանում օրեցօր զարգանում է, գինու սպառման ծավալները՝ ավելանում։ Հայկական գինիների շարքում իր ուրույն տեղն ունի Zara wines-ը, որի հիմնադիր-տնօրեն Զարուհի Մուրադյանը ներկայում ղեկավարում է նաեւ Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամը:

Երիտասարդ գործարարը տեխնիկական գիտությունների թեկնածու է, դասախոսում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանում, ինչպես նաեւ Հայաստանի երիտասարդ գինեգործների միավորման նախագահն է, Երեւանի գինու ակադեմիայի տնօրենը:

Զարուհին ներկայում զբաղվում է միայն կարմիր գինիների արտադրությամբ եւ ստեղծում է իր գինիներն այնպիսի խաղողի սորտերից, ինչպիսիք են «Տիգրանի»-ն, «Չարենցի»-ն, «Հաղթանակ»-ը եւ «Սապերավի»-ն:

- Ինչի՞ց սկսվեց հետաքրքրությունը գինեգործության նկատմամբ։

- Մասնագիտությամբ գինեգործ եմ, ավարտել եմ Ագրարային համալսարանի «Խմորման արտադրությունների տեխնոլոգիա եւ գինեգործություն» բաժինը։ Բայց ավելի շատ ծնողներիս ցանկությամբ է եղել մասնագիտությանս ընտրությունը։ Երբ մագիստրատուրայում բախտ վիճակվեց շարունակելու կրթությունս Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնոյի համալսարանում, այդ ժամանակ իսկապես հասկացա, թե ինչ է գինեգործությունը ու շատ սիրեցի մասնագիտությունս։ Դրանից հետո հիմնովին փոխվեցին պատկերացումներս մասնագիտությանս նկատմամբ՝ արմատավորելով մեծ սեր եւ էնտուզիազմ աշխատանքիս մեջ: 2001-ից ի վեր կոտրում եմ ձեւավորված կարծրատիպերը ոլորտում՝ փորձելով առաջ մղել, զարգացնել գինեգործությունը  Հայաստանում։

- Ձեր գործընկերները հիմնականում տղամարդիկ են։ Այս հանգամանքը որեւէ կերպ անդրադառնո՞ւմ է Ձեզ վրա։

- Դա ինձ օգնում է, որովհետեւ ի ուրախություն մեզ՝ կանանց, աղջիկների, մենք ապրում ենք մի երկրում, որտեղ կինը գնահատվում է ըստ արժանվույն: Մյուս կողմից՝ առավել հանգիստ ես լինում, երբ ունենում ես որոշ դժվարություններ եւ հաղթահարում ես դրանք գործընկերներիդ աջակցությամբ: Հասկանում եմ հարցադրումը, որ գինեգործությունը բարդ մասնագիտություն է կնոջ համար, քանի որ ֆիզիկական աշխատանք է պահանջում։ Բայց եթե գինեգործ-տեխնոլոգ ես, որը ճիշտ կազմակերպում եւ կառավարում է աշխատանքը գինու գործարանում՝  ունենալով համապատասխան խումբ, աշխատանքը միանգամայն հեշտանում է։

- «Լավագույն կին գործարար-2017թ.» մրցանակաբաշխությունում Zara wines-ը հաղթող ճանաչվեց «Լավագույն կին գործարարի ապրանքանիշ» անվանակարգում։ Սպասելի՞ էր նման մրցանակը Ձեզ համար։

- Իհարկե, ուրախալի, սակայն անսպասելի փաստ էր։ Երբ առաջարկեցին, որ ներկայացնեմ գինիները, մի փոքր թերահավատորեն էի մոտենում դրան, մտածում էի, որ շատ ընկերություններ, շատ գործարար կանայք կան, որոնց արտադրանքն ավելի ճանաչված է եւ բավական լայն տարածում ունի։ Ես աշխատում եմ քիչ տարածված եւ գրեթե վերացող խաղողի սորտերի հետ, որոնք լայն արտադրական կիրառություն  չունեն այլ ընկերությունների կողմից։ Կարծում եմ՝ այս պատվավոր մրցանակին արժանանալու բաղադրիչներից մեկն էլ հենց հանդիսացավ աշխատանքիս յուրահատկությունը եւ յուրօրինակ գինիներ ստեղծելու մեծ ցանկությունս:


- Գինու որակի գնահատման, համտեսի վերապատրաստման դասընթացներ եք անցել Եվրոպայում, եւ կարելի է ասել, որ Ձեզ զարմացնելը շատ դժվար է։ Այնուամենայնիվ, արտասահմանյան գինիներից ո՞րը բարձր կգնահատեք։

- Ամեն երկիր ունի իր առանձնահատկությունները եւ յուրովի է իր գինիների բազմազանությամբ։ Իհարկե, ինչպես մեզ մոտ այնպես էլ աշխարհի ցանկացած երկրում արտադրվում են եւ՛ բարձրորակ, եւ՛ ցածրորակ գինիներ: Լավագույնն այն գինին է, որը բաժակի մեջ չի մնում: Եթե սպառողին դուր է գալիս, եւ նա վայելում է գինին, ուրեմն գինին լավն է։ Սա իհարկե սպառողի տեսանկյունից նայելով: Սակայն աշխարհում գինիների որակի ճիշտ գնահատումը իրականացվում է ըստ նրա զգայորոշման ցուցանիշների՝ տրված արհեստավարժ մասնագետների կողմից:  

- Գինին, կարելի է ասել, Հայաստանի այցեքարտերից է։ Ինչպե՞ս կգնահատեք հայկական գինու ներկայացումը միջազգային շուկայում։

- Վերջին տարիներին բավական աճ է գրանցվել։ Խորհրդային միության ժամանակ աղանդերային գինիներով էինք հայտնի, եւ մեր արտադրանքն ավելի շատ տարածում ուներ ԽՍՀՄ երկրների շրջանում։ Հիմա տենդենցը փոխվել է, մենք էլ ավելի շատ աշխատանքներ ենք տանում։ Գինիները որակապես փոխվել են, բավական շատ ներդրումներ են արվում ոլորտի զարգացման համար, նոր այգիներ են հիմնվում, գործարանները վերազինվում են նոր սարքավորումներով եւ տեխնոլոգիաներով։ Մեր որակյալ գինիներով արդեն բավական ճանաչելիություն ունենք։

Ցանկանում ենք նաեւ մեր հայկական բրենդը ստեղծել՝ Wines of Armenia, եւ նաեւ այդ բրենդով ներկայանալ միջազգային գինու շուկաներում։ Արդեն 3 տարի է՝ ընկերությունները մասնակցում են Գերմանիայում անցկացվող ProWein ցուցահանդեսին, որտեղ հնարավորություն են ստանում ներկայացնելու մեր գինիները։

Հայկական գինիները ներկայացվում են նաեւ տարբեր միջազգային մրցույթներում եւ գրանցում մեծ հաջողություններ: Նշեմ մեր վերջին հաջողություններից մեկը, երբ Mundus Vini 2017 մրցույթին մեր գինիներն արժանացան 10 ոսկի եւ 13 արծաթե մեդալների, ինչը, միանշանակ, բավականին լուրջ ցուցանիշ է։

- Վերջին մի քանի տարիների ընթացքում հայկական գինու նկատմամբ հետաքրքրությունն աճել է նաեւ հայ սպառողի շրջանում, մոտ 30 տոկոս սպառման աճ է նկատվել։ Նման արդյունքն ինչո՞վ է պայմանավորված։

- Վերջին շրջանում բավական հետաքրքիր միջոցառումներ ենք իրականացնում ներքին շուկայում՝ գինու փառատոններ, համտեսներ, գինու երեկոներ: Վերջերս կազմակերպվեց «Երեւանի գինու օրերը»։ Երկու տարի է, ինչ Երեւանի գինու ակադեմիայի ուսանողները տարբեր վայրերում՝ գինետներում, ռեստորաններում, բարերում, իրականացնում են վարպետության դասեր՝ ինչպես պետք է գինին մատուցել, ըմպել եւ համադրել այլ ուտեստների հետ։


Միանշանակ, իր ուրույն տեղն ունի արդեն զարգացող գինու տուրիզմը: Եթե մի քանի տարի առաջ ընդամենը մեկ գործարան էր, որ կարողանում էր տուրիստներ հյուրընկալել, ապա ներկայումս գրեթե  բոլոր գործարանները մատուցում են այս ծառայությունը: Բացի այդ, տարածաշրջանում գինու տուրիզմը զարգացնելու համար բազմաթիվ ծրագրեր են իրականացվում։ Ուզում ենք նաեւ գինու արահետներ՝ Wine route-եր մշակել։ Այս բոլոր կետերն էլ նպաստում են հայկական գինիների սպառման ավելացմանը ներքին շուկայում:

- Նաեւ դասավանդում եք։ Ինչպե՞ս կգնահատեք Ձեր ուսանողների պատրաստակամությունը ոլորտում նորարարություններ մտցնելու հարցում։

- Դասավանդում եմ ե՛ւ Երեւանի գինու ակադեմիայում («Ի-Վի-Էն»), ե՛ւ Ագրարային համալսարանում։ Համեմատելով այս երկու կրթական հաստատությունները՝ չեմ կարող չնշել տարբերությունները, որոնք առկա են այս 2 կրթական համակարգերում:   Գինու ակադեմիայում սովորում են ուսանողներ, որոնք նպատակային եկել են հենց գինեգործություն սովորելու։ Ակադեմիայում սովորում են ուսանողներ, որոնք Ագրարայինն ավարտելուց հետո գալիս են մեզ մոտ՝ ավելի զարգացնելու իրենց գիտելիքները։ Դասընթացները մեզ մոտ անգլերեն են, եւ սովորելու գալիս են նաեւ լեզուների լավ տիրապետող ուսանողներ, լեզվաբաններ, նաեւ գինեգործական ընկերությունների սեփականատերեր եւ աշխատակիցներ։

Ագրարային համալսարանում շատերն ինձ պես ոչ գիտակցաբար են ընտրել մասնագիտությունը եւ 4 տարի են սովորում, 2 տարի ոչ մասնագիտական առարկաներ են անցնում, մոտիվացիան կորում է։ Դասավանդման այդ ոճը բերում է նրան, որ քիչ ուսանողներ են մնում, որոնք ցանկանում են դառնալ գինեգործներ։ Այստեղ կարեւոր է դասախոսների աշխատանքը, պրակտիկ աշխատանքներում ներգրավելը, հետաքրքրություն առաջացնելը։ Ուսանողները պետք է իրազեկված լինեն իրենց մասնագիտության մասին, եւ պատրաստ լինեն կրելու ցանկացած դժվարություն, որը կառաջանա ուսուցանելու ու աշխատանքի ընթացքում: «Ի-Վի-Էն»-ում արդեն ուսանողներն իրենք են պահանջում մաքսիմալ գիտելիքներ։

Մենք  ունենք նաեւ Երիտասարդ գինեգործների միավորում, որտեղ ուսանողները փորձում են ոլորտի համար պիտանի գործ անել, ծրագրեր իրականացրել, իրենց կարողություններն օգտագործել ոլորտի զարգացման համար։

- Արդեն մոտ մեկ ամիս է՝ Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի տնօրենի պաշտոնում եք։ Ի՞նչ քայլեր է իրականացնում հիմնադրամը ոլորտի զարգացման համար։

- Այս կառույցը ստեղծվել է գինեգործության ոլորտի զարգացման համար։ Հիմնադրամն իր գործունեությունը ծավալում է մի քանի ուղղություններով, որոնք նպատակ ունեն նպաստելու արտահանման ծավալների ավելացմանը, գիտության, կրթության առաջմղմանը, խաղողագործության, գինեգործության ու գինու տուրիզմի զարգացմանը։ Իրականացվում են նաեւ տարբեր միջոցառումներ ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս՝ հայկական գինիների ճանաչելիության բարձրացման նպատակով։ Մոտ ապագայում կստեղծվեն խաղողի տնկարաններ, ինչը կնպաստի էնդեմիկ եւ տեղական խաղողի սորտերի պահպանմանը եւ տարածմանը:


Կազմակերպվում են նաեւ գինու բլոգերների այցեր դեպի Հայաստան, որի նպատակը հայկական գինիների ճանաչելիության բարձրացումն է միջազգային ասպարեզում: Այս տարի նույնպես իրականացվելու է գինու ամսագրերի թղթակիցների այց, ինչպես նաեւ առաջին անգամ կազմակերպելու ենք գնորդների այց դեպի Հայաստան, որոնք արդեն համապատասխան կապեր կստեղծեն եւ կնպաստեն արտահանման ծավալների մեծացմանը։

Կկարգավորվի նաեւ գինու ոլորտի իրավական դաշտը: Ներկայում հիմնադրամը աշխատում է մեծ ծանրաբեռնվածությամբ եւ ջանասիրությամբ, որը չի կարող չտալ իր արդյունքները:

Զարուհի Մուրադյանի հետ զրուցել է Գայանե Ենոքյանը
Դիտում՝ 57097
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW