«Աստանա էքսպո 2017» ցուցահանդեսում օգոստոսի 16-ին նշվել է Հայաստանի ազգային օրը: ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը տեղեկացնում է, որ հայկական տաղավարը եւ Հայաստանի ազգային օրվան նվիրված միջոցառումները մեծ հետաքրքրություն են առաջացրել այցելուների շրջանակում: Միջոցառմանը ներկա են եղել ղազախական մշակույթի գործիչներ, զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներ եւ բարձրաստիճան պետական պաշտոնյաներ: «Մենք հիանում ենք Հայաստանի գրական եւ գեղարվեստական ժառանգությունով: Սիրում ենք հայկական խոհանոցը, մեզ նաեւ մոտ է հայկական հումորը. հատուկ հիշատակման է արժանի հայկական երաժշտական գործիքը՝ դուդուկը, որը հիացնում է իր ձայնով: Մեր երկրների միջեւ գործող առանց վիզայի ռեժիմը, ինչպես նաեւ Ղազախստանի քաղաքների եւ ձեր մայրաքաղաքի միջեւ իրականացվող ուղիղ չվերթները թույլ են տալիս քաղաքացիններին ավելի մոտիկից ծանոթանալ մեր երկրների մշակույթների հետ»,- ասել է Ղազախստանի ներդրումների եւ զարգացման փոխնախարար Երլան Խայիրովը:Ցուցահանդեսում Հայաստանը ներկայանում է արեւային էներգիայի զարգացման տեխնոլոգիայով, ինչպես նաեւ որպես գրավիչ զբոսաշրջային ուղղություն: ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանն էլ նշել է, որ Հայաստանը մեծ ներուժ ունի զբոսաշրջության զարգացման համար՝ հյուրընկալություն, հարմարավետություն, անվտանգություն, պատմամշակութային արժեքներ:«Ներկա պահին Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ զբոսաշրջության բնագավառում փոխգործակցությունն առավել անհրաժեշտ է դառնում: Համագործակցությունը նոր ձեւեր է ստանում եւ անցում է կատարում դեպի նոր, տրանսսահմանային եւ միջտարածաշրջանային շուկաներ»,- նշել է նա: Զարմինե Զեյթունցյանն առաջարկել է նաեւ զարգացնել համատեղ զբոսաշրջային ուղղությունները: «Մեր երկրներն ունեն համագործակցության չօգտագործված հնարավորությունների մեծ ներուժ, իսկ մասնակցությունը «Աստանա էքսպո 2017» ցուցահանդեսին լավ հնարավորություն է նոր կապերի ստեղծման առումով»,- ավելացրել է նա: Ազգային օրվա շրջանակում Հայաստանի տաղավարում ներկայացվել են Հայաստանի եւ հայկական զբոսաշրջային արդյունքի մասին ֆիլմի շնորհանդես, Հայաստանի մասին պատմող գովազդային տեսահոլովակներ, էքսկուրսիոն ծրագրեր, այցելուներին տրամադրվել են տեղեկատվական բնույթի նյութեր, ինչպես նաեւ hանձնվել նվերներ՝ «Պատրաստված է Հայաստանում»։Տաղավարում հնչել է հայկական երաժշտություն՝ MiqayelVoskanyan & Friendsband համույթի կատարմամբ, իսկ հյուրերը հնարավորություն են ունեցել համտեսելու հայկական կոնյակ եւ գինի: Tweet Դիտում՝ 3090