Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը՝ նորարարական ծրագրերի մասին

11.08.2017 | 17:57 Գլխավոր էջ / Նորություններ /
#Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամ #Գեղամ Գեւորգյան
Գյուղատնտեսության զարգացման նորաստեղծ հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գեւորգյանն այսօր ասել է, որ այն ստեղծվել է որպես կենտրոն, որտեղից պետության եւ մասնավոր հատվածի միասնական քաղաքականության ներքո կիրականացվի ագրարային ոլորտի առավել արդյունավետ կառավարում:

«Հիմնադրամի տեսլականը նոր տեխնոլոգիաներով, գիտական հենքի վրա մրցունակ եւ արդյունավետ գյուղատնտեսություն ունենալն է, ինչն իր հերթին կնպաստի Հայաստանի տնտեսական զարգացմանը»,- նշել է նա:

Անդրադառնալով գյուղատնտեսության բնագավառում բարեհաջող ընթացող Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության (CARMAC) ծրագրին` հիմնադրամի գործադիր տնօրենը նշել է, որ եթե ծրագրի առաջին փուլում առանցքային խնդիրը եղել է կոոպերատիվներին անասնապահությամբ զբաղվելու համար նպաստավոր պայմանների ստեղծումը, ապա երկրորդ փուլում նախատեսվում է արդեն ստեղծված կոոպերատիվներին հնարավորություն ընձեռել բիզնես կարողությունների զարգացման համար:

Գեղամ Գեւորգյանը տեղեկացրել է, որ ծրագրի շրջանակում արդեն ստեղծվել է 119 կոոպերատիվ, որոնց մի մասն արդեն լուրջ արդյունքներ է գրանցել:

Oրգանական գյուղատնտեսության զարգացումը խթանելու նպատակով մշակված նոր նախաձեռնությունների թվում Գեղամ Գեւորգյանը մատնանշել է ներմուծվող պարարտանյութը տեղական արտադրության ավելի բարձրորակ օրգանական պարարտանյութով փոխարինելու ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է հիմնել օրգանական պարարտանյութի արտադրություն առնվազն 20 հազ. հեկտարի համար:

Կստեղծվի նաեւ նորագույն տեխնոլոգիաներով հագեցած գյուղատնտեսական տեխնիկայի կայան (ԳՏԿ), ինչը թույլ կտա փոքր եւ միջին ֆերմերներին իրենց հողը մշակել առավել արդյունավետ եւ բարձրացնել բերքատվությունը:

Նախատեսվում է իրականացնել նաեւ կերարտադրության զարգացմանն ուղղված ծրագիր:

Հիմնադրամի գործադիր տնօրենի խոսքով` նորարարական մոտեցումներ են նախատեսվում նաեւ խորհրդատվական ծառայությունների մատուցման ոլորտում: Խորհրդատվությունն իրականացվելու է 3 մեթոդով` խմբային, ծրագրային եւ անհատական: Խորհրդատավական ծառայությունները մատուցվելու են ագրարային ոլորտի տարբեր ուղղություններով` ներառյալ դաշտավարության, այգեգործության, անասնապահության, գյուղատնտեսական տեխնիկայի կիրառում եւ այլն: Խորհրդատվական համակարգի ձեւավորման նպատակով հայտարարվելու է մրցույթ, որին դիմելու հնարավորություն կունենան ներկայացված պահանջներին համապատասխանող բոլոր անձիք:

Գեղամ Գեւորգյանը տեղեկացրել է նաեւ, որ առաջիկայում իրականացվելու է աշխարհագրական թվայնացված համակարգի (ԱԹՀ) ներդրման ծրագիրը, որի արդյունքում տվյալներ ձեռք կբերվեն հողերի առկա հողատեսքերի, դրանց ֆիզիոլոգիական վիճակի, տեղի ունեցող աշխարհագրական գործընթացների վերաբերյալ:
Դիտում՝ 10704
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW