Հայաստանի չգազաֆիկացված համայնքներում ջերմային էներգիայի ապահովման խնդիրը կլուծվի այլընտրանքային եղանակով:Խոսքը, մասնավորապես, արեւային ֆոտովոլտային պանելների եւ ջրատաքացուցիչների, պելետային կաթսաների կամ վառարանների կիրառման մասին է։Ինչպես հայտնել են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունում, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականի շրջանակում նախարարությունը մշակել եւ կառավարությանն է ներկայացրել առաջարկությունների փաթեթ:Փոխնախարար Հայկ Հարությունյանի փոխանցմամբ՝ իրականացված ուսումնասիրությունների եւ կատարված հաշվարկների հիման վրա յուրաքանչյուր համայնքի վերաբերյալ ներկայացվել է կոնկրետ առաջարկություն։ «Նախապատվությունը տրվել է, առաջին հերթին, ջրատաքացուցիչների կիրառմանը։ Դա չգազիֆիկացված համայնքների մեծ մասի տաք ջրի խնդրի լուծման լավագույն եւ փոխշահավետ տարբերակն է»,- ասել է Հայկ Հարությունյանը։ Նախարարությունում նշել են, որ ջրատաքացուցիչների կիրառումը միակ տարբերակը չէ, եւ առանձին համայնքների համար, հնարավոր է, գազիֆիկացում իրականացվի. խնդիրը դիտարկվել է նաեւ Հայաստանի գազամատակարար ընկերության հետ։ «Ներկայացված առաջարկությունների փաթեթը, ըստ ամենայնի, առաջիկայում կքննարկվի կառավարությունում։ Հավանության արժանանալուց հետո կսկսվի ծրագրի իրականացումը։ Սակայն դրա համար կպահանջի բավական երկար ժամանակ եւ լուրջ ֆինանսական միջոցներ։ Ամեն դեպքում, կառավարությունը լրջորեն է տրամադրված եւ պատրաստ է աստիճանաբար լուծել խնդիրը։ Սկզբնական շրջանում նախապատվությունը կտրվի հատկապես սահմանամերձ համայնքներին»,-նշել է Հայկ Հարությունյանը։Ի դեպ, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը տեղեկացնում է, որ հուլիսի 3-7-ը Երեւանում, Լոռու, Արագածոտնի, Կոտայքի, Արարատի եւ Շիրակի մարզերում «Եվրոպական միության էներգաարդյունավետության օրեր Հայաստանում» խորագրով միջոցառումների շարք կանցկացվի: Tweet Դիտում՝ 4115