«Գլոբալ Կրեդիտ»-ը հուշագիր է ստորագրել մրցույթում հաղթած ստարտափների հետ

29.06.2017 | 10:10 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Գլոբալ Կրեդիտ» #«Ռենեսա» #ստարտափ

«Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ-ն եւ «Ռենեսա» ներդրումային ընկերությունը նախօրեին հուշագիր են ստորագրել ինովացիոն ստարտափների ֆինանսավորման համատեղ մրցույթի երկու հաղթողների՝ AR magic-ի եւ Web Pro by Game-ի հետ:

Ինչպես հայտնել են ՈՒՎԿ-ում, մրցույթը հաղթահարած 2 թիմերից յուրաքանչյուրը 10 մլն դրամի չափով ֆինանսական ներդրում կստանա՝ ներկայացրած գաղափարները կյանքի կոչելու համար:

«Հուսով ենք եւ աշխատելու ենք այն ուղղությամբ, որ ծրագիրը հասնի իր նպատակակետին եւ կրի շարունակական բնույթ»,- նշել է «Գլոբալ Կրեդիտ»-ի գործադիր տնօրեն Լուիզա Իգրանյանը:


«Շնորհակալություն ենք հայտնում «Գլոբալ Կրեդիտ»-ին՝ ընձեռած հնարավորության համար: Դա օրինակ կարող է հանդիսանալ եւ, ըստ իս, պետք է հանդիսանա մյուս կազմակերպությունների համար, որպեսզի խթանեն ստարտափներին կյանքի կոչել իրենց գաղափարները: Մեր նախագիծն է՝ հայկական հեքիաթների մոտիվներով ստեղծված ներկելու գրքեր, որոնք համեմված են լրացված իրականության տեխնոլոգիայով: Նորագույն տեխնոլոգիաներով փորձում ենք ավելի ինտերակտիվ դարձնել սովորական դարձած ուսուցողական ժամանցային գործընթացը»,- նշել է AR Magic նախագծի ղեկավար Հայկ Վարոսյանը:

«Արդեն երկար տարիներ է, ինչ զբաղվում ենք վեբ ծրագրավորմամբ, ինչպես նաեւ ուսուցանում ենք: Այս ծրագրով մենք կկարողանանք ոչ միայն հայկական շուկայում,այլեւ այլ երկրներում տարածել մեր ծառայությունը եւ խաղերի միջոցով իրականացնել ուսուցում, որն արդեն ավելի գրավիչ կդարձնի սովորելու ընթացքը: Այդ ուղղությամբ որոշ քայլեր արդեն կատարել ենք, սակայն առանց օգնության չէինք կարող շարունակել: Ուրախ ենք, որ դարձել ենք մրցույթի հաղթող եւ այժմ, ստանալով աջակցությունը, կփորձենք ստեղծել պրոյեկտ, որը տարածում կգտնի ամբողջ աշխարհում»,- ասել է Web Pro by Game նախագծի ղեկավար Հայկ Առաքելյանը:

«Գլոբալ Կրեդիտ»-ի գործադիր տնօրենի տեղակալ Արամ Ղուկասյանն էլ իր գոհունակությունն է հայտնել գործընկեր թիմերի հետ հուշագրերի ստորագրման կապակցությամբ:

«Երբ խոսքը «Գլոբալ Կրեդիտ»-ի մասին է, ենթադրվում է, որ պետք է խոսենք վարկերի մասին, սակայն այս անգամ այդպես չէ, այս անգամ խոսքը առանց որեւէ տոկոսի ֆինանսական ներդրման մասին է, որի միջոցով հաղթած թիմերը կկարողանան կյանքի կոչել իրենց գաղափարները: Մենք հետեւողական կլինենք, որպեսզի միջոցներն օգտագործվեն նպատակային եւ արդյունքում կունենանք արտադրանք, որը կծառայի ժողովրդին եւ ստեղծագործ թիմերին»,- ասել է Արամ Ղուկասյանը:

«Գլոբալ Կրեդիտ»-ում հիշեցրել են, որ ծրագրի մեկնարկը տրվել էր մարտի 23-ին եւ նպատակն էր տեխնոլոգիական եւ այլ ոլորտներում նորարարական գաղափարներ ունեցող թիմերին եւ ընկերություններին աջակցել՝ ներդրումների իրականացման միջոցով: Հայտարարված մրցույթին հայտ էր ներկայացրել շուրջ 30 թիմ եւ մրցույթի արդյունքում ընտրվել են լավագույն 2 առաջարկները:

Դիտում՝ 3257
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW