Երեւան, 2 մայիսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր որոշում է կայացրել դադարեցնել գործի քննությունը, որի համար հիմք էին հանդիսացել “ԱրմենՏել” եւ “Ղ-Տելեկոմ” (“ՎիվաՍել” ապրանքանիշ) ընկերությունների փոխադարձ բողոքերը: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, հանձնաժողովը կայացրել է այդ որոշումը` հիմք ընդունելով ապրիլի 28-ին “ԱրմենՏելի” եւ “Ղ-Տելեկոմի” կողմից ուղարկված դիմումները, որոնցում ընկերությունները հայտնել էին, որ այլեւս իրար նկատմամբ բողոքներ չունեն: Ինչպես հայտնել է “ԱրմենՏելի” գլխավոր տնօրեն Օլեգ Բլիզնյուկը, ընկերության մասնագետներն ավելի մանրամասն ուսումնասիրություններ են անցկացրել եւ հայտնաբերել են, որ “Վիվասելի” սպասարկման բոլոր կետերում ներկայացվում է տեղեկատվություն OPTIMA+ կորպորատիվ փաթեթի սակագների մասին: Իր հերթին, “Ղ-Տելեկոմի” ներկայացուցիչն ասել է, որ ընկերության տեխնիկական դեպարտամենտը մանրամասն ուսումնասիրել է “ԱրմենՏելի” կողմից ներկայացված հաշվարկներն ու եկել է այն եզրակացության, որ “Ընտանիք եւ ընկերներ” փաթեթի սակագները դեմպինգային չեն: Հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը կողմերից պահանջել է ներկայացնել իրենց եզրակացությունների հիմքերը, որոնք կապացուցեն, որ “ընկերությունները չեն եկել համաձայնության նվազագույն գնի վերաբերյալ, ինչը տնտեսական մրցակցության մասին օրենքի խախտում է”: Պատասխանելով ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հարցին, Օլեգ Բլիզնյուկն ընդգծել է, որ “ԱրմենՏելը” համաձայնության չի եկել “Ղ-Տելեկոմի” հետ` “մենք ուղղակի տրամդրել ենք տեխնիկական ծառայության տեղեկությունները, իսկ մեր մասնագետները բացատրել են հաշվարկների իրականացման տրամաբանությունը”: “ԱրմենՏելի” գլխավոր տնօրենն ասել է, որ “մենք հանձնաժողովին արդեն ներկայացրել ենք բավականին մանրամասն հաշվետվություն, սակայն կա դրա ավելի ծավալուն տարբերակը, որը նույնպես կարող ենք ներկայացնել”: “ՎիվաՍել” ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկայնն ասել է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին, որ ընկերությունը հանձնաժողովին ներկայացնելու է իր հիմնավորումները, սակայն ինքը չի կասկածում, որ իրենք ճիշտ են գործել` ետ վերցնելով իրենց բողոքը: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 7255