Հայաստանյան 26 տնտեսվարողներ հայ-իտալական գործարար համաժողովի շրջանակում իտալացի 170 պոտենցիալ գործընկերներին ներկայացրել են գործարար ծրագրերն ու նշել ներդրումային ոլորտներ, որտեղ հնարավոր է համատեղ շահավետ գործունեություն ծավալել: Ինչպես հայտնել են Հայաստանի զարգացման հիմնադրամում, շահագրգիռ ընկերությունների միջեւ կազմակերպվել են հանդիպումներ՝ ներդրումային ծրագրերը եւ հայկական ապրանքների արտահանման հնարավորությունները քննարկելու նպատակով։ Ներկայացվել է Հայաստանում իտալական «Ռենկո» եւ «Սարտիս» ընկերությունների հաջողության պատմությունը։ «Հիմա Հայաստանում ներդրումներ անելու նպաստավոր ժամանակաշրջան է. կառավարությունն այսօր բիզնեսին ընդառաջ բազմաթիվ քայլեր է անում, բարելավում է գործարար միջավայրը, վերացնում է բյուրոկրատական քաշքշուկները։ Կոնկրետ մեր հիմնադրամը պատրաստ է ներդրումային ցանկացած փուլում գործնական աջակցություն եւ խորհրդատվություն ապահովել այդ թվում՝ իտալացի գործարարներին»,- ասել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը՝ ավելացնելով, որ համաժողովը եւ B2B-ները երկրի ներդրումային հնարավորությունները ներկայացնելու նպատակով էին կազմակերպվել։ «Հայաստան-Իտալիա» գործարար համաժողովի առանցքում գյուղմթերքի վերամշակման, վերականգնվող էներգետիկայի, ՏՏ, կոշիկի եւ տեքստիլ արդյունաբերության (սարքավորումներ), զբոսաշրջության ոլորտներում Հայաստանի ներդրումային հնարավորությունների ներկայացման հարցերն են եղել: Համաժողովի շրջանակում Հայաստանի զարգացման հիմնադրամի եւ Իտալիայի առեւտրի խթանման գործակալության (ICE) միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ երկկողմ առեւտրատնտեսական կապերը զարգացնելու նպատակով: Հուշագրով կողմերը համաձայնել են ամրապնդել երկու երկրների գործարար շրջանակների համագործակցությունը, տեղեկատվություն փոխանակել առաջիկայում նախատեսվող միջոցառումների, գործարար այցերի, ցուցահանդեսների մասին, ինչպես նաեւ պայմանավորվածություն են ձեռք բերել անել հնարավորը՝ երկկողմ առեւտրի եւ ներդրումների աճի խոչընդոտների նույնականացման եւ վերացման ուղղությամբ։ Tweet Դիտում՝ 2574