ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում առաջարկել է «խաղի կոշտ կանոններ» սահմանել սնանկության վարույթներում: «Մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ գործնականում սնանկացման գործընթացում առողջացման շատ քիչ դեպքեր ունենք: Այն դառնում է անկառավարելի, շատ սուբյեկտիվ գործընթաց»,- ասել է Կարեն Կարապետյանը:Կառավարության ղեկավարը նկատել է, որ միայն 2016-2017 թթ. տնտեսվարողների կողմից շուրջ 22 մլրդ դրամ հարկային պարտավորությունների չկատարման հետեւանքով առկա է սնանկության ավելի քան 2100 վարույթ: «Ստեղծված իրավիճակը պայմանավորված է թե՛ վարչարարության կազմակերպման, թե՛ օրենսդրության, թե՛ սնանկության բնութագրիչների բացահայտման եւ այլ խնդիրներով: Խնդրահարույց է նաեւ այն, որ այս ոլորտում հարկային պարտավորությունների մասով գույքի կամ դրամական միջոցների արգելադրումը կիրառվել է հայեցողաբար եւ ոչ համակարգված»,- ասել է վարչապետը: ՊԵԿ նախագահին հանձնարարվել է երկամսյա ժամկետում ուսումնասիրել եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել հարկային պարտավորությունների արտադատական կարգով վարչական բռնագանձման ու ծանուցման ինստիտուտի, ինչպես նաեւ համաչափ արգելադրման համակարգված կիրառման վերաբերյալ առաջարկություն: ՊԵԿ նախագահը կներկայացնի նաեւ տնտեսվարողների սնանկության հատկանիշների ճշգրիտ գնահատման եւ բացահայտման գործիքակազմ:Հանձնարարվել է նաեւ առաջարկություններ ներկայացնել հարկային պարտավորությունների մարման ժամանակացույցի տրամադրման հայեցողական լիազորությունների սահմանափակման եւ կանխատեսելիության բարձրացման վերաբերյալ:Արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարին էլ հանձնարարվել է երկամսյա ժամկետում ուսումնասիրել եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել սնանկացման մասին օրենքում փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններ: Tweet Դիտում՝ 1573