ԱՄՀ-ն ողջունել է ՀՀ կառավարության՝ ներդրումներ ներգրավելու քայլերը

12.04.2017 | 16:25 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՄՀ #Հոսեյն Սամիեի #Կարեն Կարապետյան

Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեյն Սամիեին այսօր ասել է, որ ԱՄՀ-ն «կարեւորում է Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավման հարցը եւ ուրախ է, որ այդ ուղղությամբ քայլեր արդեն իսկ կառավարության կողմից իրականացվում են»:

Այս մասին Հոսեյն Սամիեին ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը:

«Հանդիպել ենք Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ներկայացուցիչների հետ եւ հաճելի էր տեսնել, որ ակտիվ քայլեր են ձեռնարկվում նաեւ գործարար միջավայրը բարելավելու, նոր ներդրումների ներգրավմանը նպաստելու ուղղությամբ»,- ասել է ԱՄՀ առաքելության ղեկավարը:  

Կարեն Կարապետյանը նշել է, որ հարկային ու մաքսային ոլորտում սկսվելու է բարեփոխումների երկրորդ փուլը եւ այդ հարցում կառավարությունը լինելու է հետեւողական:

«Բացի այն, որ ունենք սեփական եկամուտների քանակական աճ, այդ ուղղությամբ արձանագրել ենք նաեւ որակական փոփոխություն՝ ստվերն է բերվում հարկային դաշտ, հրաժարվել ենք կանխավճարներից, ավելին, այն կառույցները, որոնք ունեին երկարատեւ կանխավճար, այսօր աստիճանաբար մաշեցնում ենք այն: ԱԱՀ-ի վերադաձի հետ կապված եւս ընդունվել են մի շարք որոշումներ, կրճատվել է վերադարձի ժամանակահատվածը եւ այլն: Հարկային դաշտն ընդլայնելը, ՊԵԿ համակարգում արդար սկզբունքների ներդրումը մեր նպատակն է: Վճռական ենք ու վստահ, որ հասնելու ենք մեր նպատակին»,- ընդգծել է գործադիրի ղեկավարը:

Կարեն Կարապետյանը շեշտել է, որ գործադիրը հետեւողական է լինելու նաեւ 2017թ. պետական բյուջեի կատարողականին եւ դրանում նախանշված ցուցանիշների պահպանմանը:

Անդրադառնալով կառավարության՝ հարկային եկամուտները եւ դրան համապատասխան կապիտալ ծախսերը 2017թ. 50 մլրդ դրամով ավելացնելու քայլին՝ վարչապետն ընդգծել է, որ այդ որոշումը հաշվարկված է:

«Մենք շատ լավ գնահատում ենք այսօրվա վիճակը եւ տրամադրված ենք բարեփոխումներ իրականացնել բոլոր ոլորտներում, քանի որ ունենք արդյունավետության դեֆիցիտ: Մոտ ժամանակներս մշակելու ենք Հայաստանի զարգացման հնգամյա ծրագիրը, որտեղ եւս ցանկանում ենք նախանշել համարձակ հայտնիշեր»,- ասել է կառավարության ղեկավարը: 

Դիտում՝ 2575

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW