ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ասել է, որ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, սահմանափակված չէ Եվրամիության հետ հարաբերություններում: Այս մասին վարչապետն ասել է ռուսական «Իզվեստիա» պարբերականին տված հարցազրույցում:«Գործարարության զարգացման տեսանկյունից Հայաստանի համար գրավիչ լինելու նախապայմանը մեծ եւ հասկանալի շուկա ունենալն է: Եվրամիությունը Հայաստանի խոշորագույն դոնորներից եւ ներդրողներից է, եւ ԵԱՏՄ երկրների հետ հարաբերությունների խորացումով մենք չենք կասեցնում ԵՄ-ի հետ համագործակցությունը: Ներկայում բաց եւ թափանցիկ երկխոսություն ենք վարում եվրոպացի գործընկերների հետ: Մենք մեզ համարում ենք այս երկու շուկաները (ԵՄ եւ ԵԱՏՄ- խմբ.) միացնող, այլ ոչ բաժանող երկիր»,- ասել է Կարեն Կարապետյանը: Այդուհանդերձ, վարչապետն արդարացված է համարել Հայաստանի` ԵԱՏՄ-ին միանալու որոշումը:«Միանալով ԵԱՏՄ-ին` 3 մլն բնակչությամբ Հայաստանը դարձավ 183-միլիոնանոց «ակումբի» անդամ, որը մեզ հասկանալի է, որին հասկանալի ենք նաեւ մենք: ԵԱՏՄ-ն բացարձակապես պրագմատիկ տրամաբանություն ունի մեզ համար, մենք դառնում ենք հնգյակ, որին համախմբում է հսկայական շուկա: Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները՝ հաջողակ լինելու, այդպիսին չլինելու պատճառ չեմ տեսնում»,- ասել է կառավարության ղեկավարը:Հարցին, թե ինչ կարող է հայաստանցի արտադրողն առաջարկել ԵԱՏՄ շուկային, վարչապետը նշել է, որ մեծ ներուժ ունի ագրարային հատվածը` մսի, կաթի, պանրի, աղի, կարագի արտադրությունը: Նրա խոսքով` Հայաստանն ավանդաբար «ուժեղ» է կոնյակագործության ոլորտում, երկրում լավ զարգանում են նաեւ գինու, գարեջրի, ըմպելիքների արտադրությունն ու գյուղմթերքի վերամշակումը:«Վերջին շրջանում Հայաստանից գյուղմթերքի արտահանումն աճել է վեց անգամ: Որակյալ արտադրանք տալու համար մենք սկսել ենք ակտիվորեն ներդնել սննդամթերքի անվտանգության` ԵԱՏՄ տարածքում ընդունված հետազոտության եւ վերահսկման մեթոդներ»,- ասել է Կարեն Կարապետյանը:Վարչապետը խոստովանել է, որ նշանակվելով այս պաշտոնին` ի սկզբանե իր «ուսերին» դրվել է երկրում փոփոխություններ անելու պատասխանատվությունը:«Քանի որ ինձ են վստահել այս պաշտոնը, կանեմ ամեն հնարավորը` տնտեսությունը վերականգնելու համար, որպեսզի Հայաստանը դառնա ժամանակակից, առաջադեմ եւ զարգացած երկիր: Կառավարության ղեկավարի պաշտոնում ինձ նշանակելու հրամանը ստորագրելիս նախագահը շեշտեց քաղաքական բարեփոխումների իրականացումը: Ձգտում եմ անել այնպես, որի «ռեֆորմատոր» ինձ անվանի ոչ միայն նախագահը»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը: Tweet Դիտում՝ 10500