Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն այսօր ասել է, որ Աշխաբադը շահագրգռված է եւ կարեւորում է Հայաստանի հետ տնտեսական համագործակցության հետագա զարգացումն ու ամրապնդումը:Այս մասին Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը նշել է Աշխաբադում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը: «Մեր ժողովուրդներն ունեն պատմական ջերմ հարաբերություններ ու կապեր: Վստահ եմ, որ Ձեր պաշտոնական այցը կարող է լավագույնս նպաստել մեր եղբայրական հարաբերությունների հետագա զարգացմանը տնտեսության տարբեր ոլորտներում՝ էներգետիկա, տրանսպորտ, գյուղատնտեսություն, մեքենաշինություն, արդյունաբերություն: Ունենք փոխգործակցության մեծ ներուժ եւ պատրաստ ենք քննարկել Ձեր առաջարկներն ու գաղափարները»,- ասել է Թուրքմենստանի նախագահը: «Այցի նպատակն է հանգամանորեն քննարկել տնտեսական համագործակցության տարբեր հարցեր ու նախագծեր, որոնք թույլ կտան ակտիվացնել տնտեսական փոխգործակցությունը, ավելացնել առեւտրաշրջանառության ծավալները՝ օգտագործելով առկա մեծ ներուժը»,- նշել է Կարեն Կարապետյանը:Կողմերը քննարկել են տնտեսության տարբեր հարցեր եւ համոզմունք հայտնել, որ տնտեսական համագործակցությունը կարող է խթանել երկկողմ առեւտրաշրջանառության աճը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկումները շարունակել ապրիլին՝ Երեւանում, աշխատանքային խմբերի մակարդակով:ՀՀ վարչապետի եւ Թուրքմենստանի նախարարների կաբինետի անդամների քննարկումների ընթացքում էլ թուրքմենական կողմը շահագրգռվածություն է հայտնել ակտիվորեն համագործակցել հայկական տարբեր ապրանքների մատակարարման, ավիաչվերթների կազմակերպման, Երեւանի օդանավակայանը որպես տրանզիտային գոտի օգտագործելու, ավտոգազալիցքավորման ճնշակայանների կառուցման եւ այլ ուղղություններով: Tweet Դիտում՝ 1204