«Քեյ Փի Էմ Ջի» (KPMG) միջազգային խորհրդատվական ընկերությունը՝ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության հետ համատեղ, մշակել է «Հայաստան. հրաշալի երկիր, խելացի հնարավորություններ» (Great country, smart opportunities) ձեռնարկը:Զեկույցում ներկայացված է ամբողջական տեղեկատվություն՝ ՀՀ կառավարության նախանշած գերակա ոլորտների եւ առկա ներդրումային ծրագրերի նկարագրություններով եւ Հայաստանի մրցակցային առավելությունների շեշտադրումներով: Ձեռնարկում ներառված է նաեւ անհրաժեշտ տեղեկատվություն տնտեսական ոլորտի իրավական կարգավորումների եւ գործող արտոնությունների տրամադրման համակարգի առեւտրային արտոնյալ ռեժիմների, մակրոտնտեսական եւ ֆինանսական ցուցանիշների, հարկային եւ մաքսային օրենսդրության, ազատ տնտեսական գոտիների վերաբերյալ:Նախօրեին տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում կայացած շնորհանդեսի ընթացքում Սուրեն Կարայանը նշել է, որ ձեռնարկը կարող է ներդրումների ներգրավման արդյունավետ գործիք ծառայել:Նախարարի խոսքով՝ «նման հեղինակավոր ընկերության պատրաստած ձեռնարկն օտարերկրյա ներդրողների համար վստահելի եւ արժանահավատ անկախ գնահատական է Հայաստանի ներդրումային գրավչության վերաբերյալ»:Այս համագործակցության շրջանակում նախարարն առաջարկել է ընկերության ներկայացուցիչներին ակտիվ մասնակցություն ցուցաբերել միջազգային տարբեր ներդրումային համաժողովներին։«Ուրախությամբ պետք է ասեմ, որ այս ձեռնարկի ներկայացումը Հայ-էմիրաթական ներդրումային համաժողովի ընթացքում մեծ արձագանքներ է ստացել։ Մենք քննարկումներ ենք ունեցել տարբեր պոտենցիալ ներդրողների հետ, որոնց հետաքրքրել էր ձեռնարկը։ Նշեմ նաեւ, որ մեր կազմակերպության գրասենյակն ԱՄԷ-ում պատրաստակամություն է հայտնել աջակցել եւ համագործակցել Հայաստան ներդրումներ ներգրավելու աշխատանքներում»,- նշել է KPMG ընկերության Ռուսաստանի ու ԱՊՀ մյուս երկրների գործընկերների խորհրդի անդամ Վիկտոր Ակուլյանը: Tweet Դիտում՝ 3657