ՀՀ-ում հանցավոր խումբը ՀԴՄ-տերմինալի միջոցով խոշոր գումար է հափշտակել

20.03.2017 | 11:27 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2016թ. օգոստոս-դեկտեմբեր ամիսներին ՀՀ եւ ՌԴ քաղաքացիներից կազմված հանցավոր խմբի անդամներն ավստրալիական բանկերի հաճախորդների հաշվեհամարներից ելքագրել են շուրջ 85 մլն դրամին համարժեք գումար, դրանից 58 մլն դրամը կանխիկացրել եւ հափշտակել են, իսկ մնացած գումարի կանխիկացումն ավարտին չեն հասցրել։

Ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ հանցավոր խմբի անդամները, հյուրանոցային եւ ռեստորանային գործունեություն իրականացնելու պատրվակով, Հայաստանում գրանցել են առեւտրային երեք կազմակերպություն, այնուհետեւ դրանց անվամբ ձեռք են բերել համակարգչային տեխնիկա հանդիսացող՝ քարտապանի եւ բանկային քարտի բացակայության պայմաններում քարտի տվյալների մուտքագրմամբ անկանխիկ գործարք կատարելու հնարավորություն ընձեռող ՀԴՄ-տերմինալ։

Այս տերմինալի օգտագործմամբ հանցավոր խմբի՝ Ռուսաստանում գտնվող անդամը Հայաստանի իր հանցակիցներին է ուղարկել Ավստրալիայի մի շարք քաղաքացիների անվամբ թողարկված բանկային քարտերի տվյալներ՝ 16-նիշանոց համարները, քարտերի վավերականության ժամկետները եւ ծածկագրերը։

«Ստանալով անհրաժեշտ վավերապայմանները՝ Հայաստանում գործող խմբի անդամները ՀԴՄ-տերմինալում տեղադրել են SIM հեռախոսային քարտ, սարքը համակցել են համացանցին, որից հետո բանկային քարտերի վերոհիշյալ տվյալների մուտքագրմամբ Ավստրալիայի քաղաքացիների բանկային հաշվեհամարներից, հյուրանոցային կամ ռեստորանային ծառայությունների դիմաց վճարում կատարելու կեղծ հիմնավորմամբ, իրենց գրանցած կազմակերպությունների հաշվեհամարներին են փոխանցել առանձնապես խոշոր չափերով գումարներ»,- ասված է հաղորդագրությունում:

ԱԱԾ մարմինների կողմից հանցավոր խումբը բացահայտվել եւ վնասազերծվել է։

Նախաքննության ընթացքում հինգ անձի մեղադրանք է առաջադրվել, որոնցից 3-ը կալանավորվել են:

Ներկայում օտարերկրյա իրավասու մարմինների հետ համագործակցության շրջանակում միջոցներ են ձեռնարկվում՝ անդրազգային հանցագործությանը հնարավոր առնչություն ունեցող այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ 

Դիտում՝ 4435
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW