Միջազգային կառույցները խթանում են կին ձեռներեցությունը ՀՀ-ում

07.03.2017 | 15:04 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ), խթանելով կանանց ներգրավվածությունը տնտեսության զարգացման գործում, Հայաստանում ընդլայնում է «Գործարար կանայք» ծրագիրը տեղական վարկատուների՝ Ամերիաբանկի եւ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի միջոցով:

«Վերոնշյալ բանկերը միացել են ծրագրին անցյալ տարեվերջին եւ այժմ պատրաստ են կանանց կողմից ղեկավարվող տեղական բիզնեսներին վարկավորել ծրագրի նպատակներին եւ պահանջներին համապատասխան: Ծրագրին առաջիկայում կմիանա նաեւ Արարատբանկը»,- ասված է ՎԶԵԲ տարածած հաղորդագրությունում:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է կանանց կողմից ղեկավարվող ՓՄՁ-ներին հասանելի դարձնել աճի համար անհրաժեշտ ֆինանսավորումն ու խորհրդատվությունը, տեխնիկական աջակցություն տրամադրել ծրագրի գործընկեր ֆինանսական կառույցներին եւ բիզնես խորհրդատվություն` կին ձեռներեցներին:

«Արարատբանկում կանանց համար մշտապես մշակվում եւ առաջարկվում են վարկային տարբեր պրոդուկտներ` հնարավոր  լավագույն  պայմաններով: Այս նախագիծը եւս կանանց  թույլ կտա իրագործել իրենց նախագծերն ու գաղափարները, ինչպես նաեւ  հնարավորություն կընձեռի նոր աշխատատեղեր ստեղծել` նպաստելով երկրի տնտեսական զարգացմանը: Մենք վստահ ենք, որ կանայք բավական մեծ գործարար ներուժ ունեն, ուստի այս  նախագծից շատ լուրջ արդյունքներ ենք ակնկալում»,- նշել է Արարատբանկի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը:

«Մենք հավատում ենք՝ երբ շուկայի ձախողումները լուծված լինեն, խոչընդոտները՝ հաղթահարված, եւ կանանց կողմից ղեկավարվող ՓՄՁ-ները ստանան հավասար հնարավորություններ, նրանք կկարողանան իրականացնել տնտեսության արդյունավետությանն ու աշխատատեղերի ստեղծմանը նպաստող գործունեություն»,- նշել է ՎԶԵԲ երեւանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսը:

«ԵՄ-ն աշխատում է Հայաստանի ամբողջ տարածքում խթանել հավասար իրավունքներ բոլորի համար գործունեության ցանկացած ոլորտում: Հայ կանայք երիտասարդ սերնդի հետ միասին պետք է լիարժեք իրականացնեն իրենց դերը՝ որպես Հայաստանի տնտեսության շարժիչ ուժ, իսկ ԵՄ-ն կշարունակի ավելի ու ավելի ներդնել այդ ոլորտում: Հայ կին ձեռներեցների կողմից ղեկավարվող ՓՄՁ-ները տնտեսական աճի տեսանկյունից մեծ հնարավորություն են ներկայացնում, եւ հուսով ենք, որ Հայաստանի իշխանությունները եւս դա հաշվի կառնեն ու իրենց հերթին կհեշտացնեն գործարար կանանց գործունեությունը»,- նշել է Եվրամիության հայաստանյան պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

ՎԶԵԲ-ում նշել են, որ Հայաստանն առաջիններից է միացել Արեւելյան գործընկերության երկրներում իրականացվող «Գործարար կանայք» ծրագրին, որը ֆինանսավորվում է ՎԶԵԲ-ի, Եվրոպական Միության, Շվեդիայի եւ «Վաղ անցումային երկրների հիմնադրամ»-ի կողմից:

Արեւելյան գործընկերության երկրներում ծրագրի իրականացման համար միայն ՎԶԵԲ-ի նախնական ներդրումը կազմել է $55 մլն, որն ուղղվել է տեղական ֆինանսական կառույցների միջոցով կանանց կողմից ղեկավարվող բիզնեսների հետագա վարկավորման համար վարկային գծերի ստեղծմանը:

Շվեդիայի կառավարությունը հատկացրել է 47 մլն շվեդական կրոն (մոտ €5,2 մլն): Հաջորդ €4,5 մլն-ը տրամադրել է Եվրամիության «Հարեւանության ներդրումային հիմնադրամ»-ը. միջոցներն ուղղվել են վարկավորման որակի բարձրացման ֆինանսավորմանը ու ծրագրի գործընկեր ֆինանսական հաստատությունների կարողությունների զարգացմանը:

ՎԶԵԲ-ի «Վաղ անցումային երկրների հիմնադրամ»-ի կողմից ծրագրին ուղղվել է եւս €0,9 մլն:

Դիտում՝ 9830
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW