ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ Հայաստանի տնտեսությունը զարգացնելու համար նոր տեսլական է պետք` նորարարական մոտեցումներով եւ լուծումներով:Այս մասին նախագահն ասել է «Կարնեգի» հիմնադրամի Բրյուսելի գրասենյակում ունեցած իր ելույթում:«Տնտեսական զարգացման ստանդարտ մոդելներով դժվար է ապահովել առաջընթացի այն մակարդակը, որը թույլ կտա դիմագրավելու առկա համաշխարհային մարտահրավերները»,- պարզաբանել է նա: Նախագահի խոսքով` սուղ ռեսուրսների պայմաններում Հայաստանում հաջողվել է ձեւավորել ճկուն, հանքահումքային ռեսուրսներից անկախ տնտեսական համակարգ:«Ի տարբերություն տարածաշրջանի մի շարք երկրների, որոնցում վերջին տարիների տնտեսական ճգնաժամը հանգեցրեց տնտեսության ապակայունացման, ազգային տարադրամի արժեզրկման, Հայաստանն ապացուցեց, որ նույնիսկ շրջափակման եւ ռեսուրսային սահմանափակման մեջ գտնվելով՝ կարողացավ ձեւավորել կայուն եւ կանխատեսելի տնտեսություն` գրանցելով առաջընթաց մի շարք միջազգային ինդեքսներով»,- ասել է երկրի ղեկավարը:Որպես ապացույց`Սերժ Սարգսյանը նշել է տեղեկատվության եւ հաղորդակցության ոլորտի վերջին տարիների հաջողությունները, հիշեցրել, որ ոլորտում ներկայացված են միջազգային ճանաչում ունեցող հեղինակավոր ընկերություններ («Մայքրոսոֆթ», «ԱյԲիԷմ», «Սիսկո», «Դ-Լինկ», «Օրաքլ», «Սինոփսիս», «Մենթոր Գրաֆիքս»), ընդհանուր առմամբ գործում է շուրջ 400 կազմակերպություն, իսկ ՏՏ-ում զբաղվածների թիվը հասնում է 15 հազ-ի: Նախագահն անդրադարձել է նաեւ նոր կառավարության նախաձեռնած բարեփոխումներին: «Անցած տարվա վերջին ձեւավորված մեր նոր կառավարությունը հանդես է եկել բարեփոխումների լուրջ օրակարգով, որի նպատակն է բարձրացնել երկրի ճանաչելիության մակարդակն ու ներդրումային գրավչությունը, հատկապես՝ եվրոպական ներդրողների համար, խթանել պետություն-մասնավոր հատված համագործակցությունը, պետության կողմից համակողմանի աջակցություն ցուցաբերել այն գործարար նախագծերին, որոնք թույլ կտան ապահովել արագ տնտեսական աճ»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը: Tweet Դիտում՝ 2723