ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդն այսօր որոշել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 6%:Հիշեցնենք, որ տոկոսադրույքի վերջին փոփոխությունը կատարվել էր 2016թ. դեկտեմբերին վերջին: ԿԲ-ում նշել են, որ հունվարին արձանագրվել է 2,6% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 2,2%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնանկումը մեղմվել է՝ կազմելով 0,6%:«Արտաքին հատվածում ձեւավորված միտումներն հիմնականում պահպանվել են. համաշխարհային տնտեսությունը շարունակում է աճել դանդաղ տեմպերով, իսկ միջազգային ապրանքային շուկաներում պահպանվել են որոշ գնաճային զարգացումներ: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին արտաքին հատվածից էական գնաճային ազդեցություններ չեն ակնկալվում»,- ասված է հաղորդագրությունում: ԿԲ խորհուրդն արձանագրել է, որ 2016թ. համար տնտեսական աճի գնահատականները նվազել են՝ պայմանավորված հիմնականում առաջարկի գործոնների ազդեցությամբ: Միեւնույն ժամանակ, աստիճանաբար վերականգնվում է ներքին պահանջարկը՝ առավելապես ի հաշիվ 2015-2016 թթ. իրականացված խթանող դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականությունների: ԿԲ-ում ընդգծել են, որ նախորդ կանխատեսման համեմատ որոշ ոչ պարենային ապրանքների ակնկալվող ցածր գների ձեւավորման եւ հունվարից գազի, իսկ փետրվարից էլեկտրաէներգիայի սակագների իջեցման պարագայում գնաճի նպատակին հասնելու հետագիծը կլինի փոքր ինչ ավելի դանդաղ: «Հաշվի առնելով նշված գործոնները, ինչպես նաեւ նախորդ տարվա համեմատ 2017թ. կառավարության կողմից նախանշված զսպողական հարկաբյուջետային քաղաքականությունը՝ ԿԲ խորհուրդը նպատակահարմար եւ հնարավոր է գտնում այս անգամ եւս թուլացնել դրամավարկային պայմանները»,- նշված է հաղորդագրությունում:ԿԲ խորհրդի կարծիքով՝ մինչ օրս իրականացված քաղաքականությունը ստեղծել է բավարար խթաններ՝ 2017թ. գնանկումային միջավայրի չեզոքացման եւ կանխատեսվող հորիզոնում գնաճի նպատակի իրագործման համար, սակայն ավանդական դրամավարկային քաղաքականության ապագա հնարավորությունները մնում են սահմանափակ: «Այնուամենայնիվ, հավատարիմ մնալով գների կայունության ապահովման խնդրին, ԿԲ-ն, անհրաժեշտության դեպքում, իր գործիքակազմով համարժեքորեն կարձագանքի՝ միջնաժամկետ հատվածում ապահովելով գնաճի նպատակի իրագործումը»,- նշել է կարգավորիչը:Լոմբարդային ռեպոների եւ բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքները սահմանվել են՝ համապատասխանաբար 7,5% եւ 4,5%: Tweet Դիտում՝ 11124