ԿԲ-ն 0,25 կետով իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը

27.12.2016 | 17:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդն այսօր որոշել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 6,25%:

ԿԲ-ում նշել են, որ 2016թ. նոյեմբերին արձանագրվել է 1% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0,6%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնանկումը շարունակել է մեղմվել՝ կազմելով 0,6%: Այնուամենայնիվ, ԿԲ գնահատումների համաձայն՝ մոտակա ամիսներին գնանկումային միջավայրը դեռեւս կպահպանվի:

«Արտաքին հատվածում պահպանվել են համաշխարհային տնտեսության աճի դանդաղ տեմպերը, իսկ միջազգային ապրանքային շուկաներում շարունակել են արձանագրվել գնաճային զարգացումներ: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին արտաքին հատվածից էական գնաճային ազդեցություններ դեռեւս չեն ակնկալվում: Այդուհանդերձ, առկա են որոշակի գնաճային ռիսկեր՝ կապված ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի կողմից տոկոսադրույքի բարձրացման ընթացքի եւ զարգացող երկրների վրա դրա ազդեցության հետ:

Խորհուրդն արձանագրում է, որ տնտեսական ակտիվության տեմպերը շարունակում են դանդաղել՝ հիմնականում պայմանավորված առաջարկի գործոններով, մասնավորապես՝ գյուղատնտեսության ճյուղի՝ սպասվածի համեմատ առավել խորը նվազմամբ: Աստիճանաբար շարունակվում է նաեւ ներքին պահանջարկի վերականգնումը՝ առավելապես ի հաշիվ 2015-2016 թթ. ընթացքում իրականացված խթանող դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականությունների»,- ասված է հաղորդագրությունում:

ԿԲ-ում ընդգծել են նաեւ, որ դրամավարկային քաղաքականության չորրորդ եռամսյակի ծրագրով նախանշված որոշ գնանկումային ռիսկեր դառնում են ավելի առարկայական, այդ թվում՝ գնաճային սպասումների նվազումը եւ փետրվարին ակնկալվող էլեկտրաէներգիայի սակագնի իջեցումը, որոնք առավել հավանական են դարձնում 2017թ. համար  նախանշված գնաճի՝ կանխատեսման միջակայքի ստորին հատվածում պահպանվելը:

«Այս պարագայում, ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում հերթական անգամ թուլացնել դրամավարկային պայմանները»,- նշել են ԿԲ-ում՝ հավելելով, որ իրականացված դրամավարկային քաղաքականությունը բավարար խթաններ է ձեւավորել 2017թ. գնանկումային միջավայրը հաղթահարելու եւ կանխատեսվող հորիզոնում գնաճի նպատակի իրագործման համար:

ԿԲ խորհրդի կարծիքով՝ տոկոսադրույքները բավականին նվազել են եւ ավանդական դրամավարկային քաղաքականության հնարավորությունները ներկայում սահմանափակված են, սակայն ԿԲ-ն հավատարիմ է մնում գների կայունությունն ապահովելու իր գլխավոր նպատակին եւ անհրաժեշտության դեպքում իր ողջ գործիքակազմով համարժեքորեն կարձագանքի՝ միջնաժամկետ հատվածում ապահովելով գնաճի նպատակի իրագործումը:

Լոմբարդային ռեպոների եւ բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքները սահմանվել են՝ համապատասխանաբար 7,75 % եւ 4,75 %:

Դիտում՝ 5386
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai