ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տնօրենների խորհրդի անդամ, հոլանդական խմբի ղեկավար Ֆրանս Վիկերսին:«Հայաստանի մարզեր այցերի ժամանակ մենք բազմաթիվ ծրագրեր ենք դիտարկում, ամփոփում, որոնց շրջանակում ցանկանում ենք համագործակցել մասնավոր հատվածի հետ եւ որպես գործիք, շահագրգռված կլինենք, եթե ՎԶԵԲ-ն էլ հետաքրքրված լինի այդ ուղղություններով համագործակցությամբ: Կառավարության նպատակն է՝ խթանել գործարար միջավայրի ակտիվությունը տարբեր միջոցներով, եւ սա բիզնես միջավայրը փոխող գործընթաց կարող է դառնալ, քանի որ ներկայացվող գաղափարները մշակվում եւ դառնում են կոնկրետ բիզնես տրամաբանությամբ ծրագրեր»,- ասել է Կարեն Կարապետյանը: Հաշվի առնելով ներդրողների հետ ՎԶԵԲ-ի աշխատանքի մեծ փորձը՝ վարչապետն առաջարկել է դիտարկել նաեւ ՀՀ կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի եւ առաջիկայում ստեղծվելիք ներդրումային հիմնադրամի շրջանակում գործակցության հնարավորությունները: Կարեն Կարապետյանը կարեւորել է նաեւ պետություն-մասնավոր հատված գործընկերությանը վերաբերող օրենսդրության մշակման եւ բիզնես օմբուդսմենի ինստիտուտի կայացման գործում բանկի հետ համատեղ աշխատանքը:Ֆրանս Վիկերսը խոստումնալից է համարել Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ու ներդրումային հիմնադրամի ստեղծման նախաձեռնությունները եւ նշել, որ ՎԶԵԲ-ը պատրաստակամ է զարգացնել համագործակցությունը ՀՀ վարչապետի մատնանշած ուղղություններով: Քննարկվել է նաեւ ՎԶԵԲ-Հայաստան գործընկերության ընթացիկ ռազմավարությունը, տարբեր ոլորտներում պետական ու մասնավոր ձեւաչափով իրականացվող ծրագրերի ընթացքը: Tweet Դիտում՝ 3570