Աշխարհի ամենահարուստ ութ մարդկանց ունեցվածքը հավասար է մոլորակի բնակչության աղքատ կեսի կապիտալին եւ ընդհանուր առմամբ կազմում է շուրջ $426 մլրդ: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այդ մասին ասված է Oxfam միջազգային բարեգործական ընկերության «Տնտեսությունը բնակչության 99%-ի համար» զեկույցում: «Չնայած պետական առաջնորդները հավատարիմ են անհավասարության խնդիրը լուծելու նպատակին, ամենահարուստների ու ամենաաղքատների միջեւ անջրպետն անխուսափելիորեն խորանում է»,- նշված է զեկույցում: Oxfam-ի տվյալներով՝ աշխարհի համընդհանուր հարստությունը գնահատվում է շուրջ $255 տրլն, եւ այդ գումարի կեսից ավելին պատկանում է մարդկության 1%-ին: Ընդ որում, աղքատների չափաբաժինը համընդհանուր հարստության մեջ կրճատվել է. 2015թ. այն կազմում էր 0,7%, մինչդեռ 2016թ. 0,2% է: Համաշխարհային բանկի գնահատմամբ՝ 2015թ. շուրջ 700 մլն մարդ ապրել է օրական $1,9-ով: Նման տարբերության պատճառը, ըստ Oxfam-ի, այն է, որ կորպորացիաները պաշտպանում են հարուստների շահերը, խուսափում են հարկերի վճարումից եւ անբավարար են վարձատրում աշխատակիցներին ու արտադրողներին: Խնդիրը լուծելու համար զեկույցն առաջարկում է ներդնել տնտեսական կառավարման նոր համակարգ, այսպես կոչված՝ մարդասիրական տնտեսություն, որի պարագայում պետությունը կպաշտպանի բնակչության 99%-ին, իսկ ազգային կառավարությունները կհամագործակցեն հարկերի հավաքագրման, ինչպես նաեւ կլիմայական փոփոխությունների ու շրջական միջավայրի պաշտպանության հարցերում: Tweet Դիտում՝ 10983