Երեւան, 23 փետրվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Այսօր Երեւանում տեղի է ունեցել Western Union միջազգային դրամային փոխանցումների համակարգի մասնագիտացված բաժանմունք հանդիսացող “Արարատ Բանկի” “Մաշտոց” նոր մասնաճյուղի շնորհանդեսը: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, “Արարատ Բանկի” գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը հայտնել է, որ նոր մասնաճյուղը հիմնվել է Western Union-ի հետ համատեղ եւ մատուցելու է այդ միջազգային համակարգի դրամային փոխանցումների ծառայությունները: Մասնաճյուղը նաեւ սպասարկելու է կոմունալ վճարումները, փոքր վարկերը ու ավանդները: Մասնաճյուղի աշխատանքի առաջին 10 օրվա ընթացքում Western Union-ի համակարգով օրեկան ֆիքսվել է մոտ 20 գործարք, առաջնային խնդիրներից է այդ ցուցանիշը հասցնել 50-ի եւ աստիճանաբար անցնել շուրջօրյա աշխատանքային ռեժիմի: Հայաստանում, Վրաստանում եւ Ուկրաինայում Western Union-ի բիզնեսի ղեկավար Միխայիլ Բաբիրենկոյի խոսքերով, Western Union-ը Հայաստանում գործում է արդեն մոտ 10 տարի: “Մենք փորձում ենք աշխատել այնպիսի հիանալի գործընկերների հետ, ինչպիսին է “Արարատ Բանկը”, եւ մտադիր ենք զարգացնել մեր համակարգը այդ թվում մասնագիտացված բաժանմունքների միջոցով”,- նշել է նա: Միխայիլ Բաբիրենկոն նշել է, որ “Մաշտոց” մասնաճյուղը` Western Union-ի առաջին մասնագիտացված բաժանմունքն է ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանում: Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի գնահատմամբ, մասնագիտացված բաժանմունքի բացումը վկայում է Հայաստանի ֆինանսական ծառայությունների հատվածավորման աճի մասին, ինչը կհանգեցնի մրցակցության աճին եւ հաճախորդների համար ավելի բարենպաստ պայմանների ստեղծմանը: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 11736