Այսօր Բրյուսելում Հայաստանի եւ Եվրամիության միջեւ կնքվել են «Լավ որակավորումներ լավ աշխատանքի համար» եւ «Հանրային ֆինանսների կառավարում» ԵՄ բյուջետային աջակցության համաձայնագրերը:Համաձայնագրերը ստորագրել են ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը եւ Եվրոպական հանձնաժողովի Հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Քրիստիան Դանիելսոնը:Առաջին համաձայնագրով ԵՄ-ն կտրամադրի €15,2 մլն-ի աջակցություն, որով կօգնի բարելավել Հայաստանի աշխատաշուկայի արդյունավետությունը եւ աշխատուժի աշխատանքի տեղավորման հնարավորությունները` մասնավորապես շեշտադրելով գյուղատնտեսական զբաղվածությունը: Ինչպես հաղորդում են ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության մամուլի ծառայությունից, համաձայնագիրը նաեւ նպատակ ունի բարելավելու աշխատուժի առաջարկի եւ պետական, մասնավոր հատվածի պահանջարկի բացահայտման եւ համապատասխանեցման մեխանիզմները տվյալների հավաքագրման եւ օգտագործման առավել արդյունավետ համակարգի միջոցով:Երկրորդ համաձայնագրով կտրամադրվի €10 մլն բյուջետային աջակցություն՝ աջակցելու հանրային ֆինանսների քաղաքականության ոլորտում բարեփոխումներին: Ծրագիրն ուղղված է լինելու հանրային ծախսերի հաշվետվողականությանը, թափանցիկությանն ու արդյունավետությանը, միջազգային չափանիշներին եւ փորձին համապատասխանությանը:Ակնկալվում է, որ ծրագիրն էլ ավելի կամրապնդի բյուջեի եւ դրա ծախսերի հաշվետվողականությունն ու թափանցիկությունը ավելի լավ հաշվապահական եւ աաուդիտորական գործունեության շնորհիվ` համագործակցելով քաղաքացիական հասարակության եւ Ազգային ժողովի հետ, որպեսզի բյուջետավորման գործընթացը լինի ավելի ներառական: Հանդիպմանը Սուրեն Կարայանը վերահաստատել է հայկական կողմի հանձնառությունը` զարգացնելու եւ խորացնելու ՀՀ-ԵՄ համագործակցությունը հնարավոր բոլոր բոլոր ուղղություններով: Նախարարն ընդգծել է, որ ԵՄ-ի կողմից տրամադրվող ֆինանսական աջակցությունը մեծ դերակատարություն ունի Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացում: Քրիստիան Դանիելսոն էլ ընդգծել է, որ Հայաստան-ԵՄ համագործակցությունն իրենց առաջնահերթություններից է: Tweet Դիտում՝ 3888