Հայաստանում կձեւավորվի զբոսաշրջության խորհուրդ

13.12.2016 | 10:09 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Դեկտեմբերի 12-ին Ջերմուկ քաղաքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն՝ նվիրված զբոսաշրջության ոլորտի զարգացման հարցերին:
 
«Սա տնտեսության զարգացման մի ամբողջ փոխկապակցված շղթա է, եւ այս շղթայի բոլոր օղակները պետք է լինեն ամուր, գործեն ակտիվորեն, որպեսզի կարողանանք ստանալ վերջնական արդյունք: Պատասխանատվությունն էլ պետք է լինի բոլորինը: Պետք է գիտակցենք, որ ոլորտը կարող է զարգանալ միայն ու միայն բոլորիս համատեղ ջանքերի շնորհիվ»,- ասել է նախագահը:

Ինչպես հայտնում են նախագահի մամուլ ծառայությունից, խորհրդակցության արդյունքներով Սերժ Սարգսյանը մի շարք հանձնարարականներ է տվել:

Մասնավորապես, ՀՀ վարչապետին հանձնարարվել է՝ ՀՀ փոխվարչապետի համակարգմամբ ձեւավորել գործող զբոսաշրջության խորհուրդ՝ շահագրգիռ մարմինների հետ համատեղ ներգրավելով ոլորտի մասնավոր հատվածի, միջազգային կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների եւ Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների (համաձայնությամբ):

Նախագահը հանձնարարել է նաեւ ձեւավորվելիք զբոսաշրջային խորհրդի համար սահմանել երկամսյա պարբերականությամբ ընթացիկ աշխատանքների վերաբերյալ տեղեկատվության ամփոփման եւ հաշվետվությունների ներկայացման կարգ:

ՀՀ փոխվարչապետը հանձնարարություն է ստացել` տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի, քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի եւ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրենի հետ համատեղ քննարկել մարզային քաղաքների եւ առանձին գյուղական համայնքների ենթակառուցվածքների զարգացման առաջիկա խոշորածավալ ծրագրերը:

Միաժամանակ, այդ ծրագրերում պետք է մշակել մասնավոր-պետական համագործակցության ձեւաչափի ընդլայնման համար անհրաժեշտ գործիքակազմի ներդրման մեխանիզմները՝ համապատասխան առաջարկությունները ներկայացնելով ՀՀ կառավարության քննարկմանը:

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարին հանձնարարվել է`

ա) Շահագրգիռ կողմերի հետ քննարկումների արդյունքում ամփոփել «Զբոսաշրջության մասին» ՀՀ նոր օրենքի եւ դրան առնչվող իրավական ակտերի փաթեթի մշակման աշխատանքները՝ համապատասխան նախագծերը ներկայացնելով ՀՀ կառավարության քննարկմանը 2017թ. առաջին եռամսյակի ընթացքում:

բ) Սեղմ ժամկետներում իրականացնել հանրապետության ամբողջ տարածքի զբոսաշրջային գոտեւորման աշխատանքներ՝ պատմամշակութային հուշարձանների, բնության հատուկ պահպանվող տարածքների եւ զբոսաշրջային ներուժ ունեցող այլ վայրերի ամբողջական հաշվառման արդյունքներով:

գ) Հստակ միջոցառումներ մշակել զբոսաշրջության ոլորտի վարչական ռեգիստրի ձեւավորման, ինչպես նաեւ զբոսաշրջային այցելությունների վիճակագրության վարման մեթոդների եւ վերլուծական կարողությունների կատարելագործման ուղղությամբ՝ համապատասխան ֆինանսական գնահատականները ներկայացնելով ՀՀ կառավարության քննարկմանը:

դ) ՀՀ մշակույթի նախարարի հետ համատեղ քննարկել զբոսաշրջային հիմնական երթուղիներում ներառվելիք պատմամշակութային հուշարձանների վերականգնման եւ հնագիտական աշխատանքների իրականացման ժամանակացույցերը՝ աշխատանքների անխափան ընթացքին զուգահեռ ապահովելով առավելագույն զբոսաշրջային արդյունք:

ե) Երեւանի քաղաքապետի եւ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի հետ համատեղ քննարկել հանրապետության տարածքում միասնական ցանցային համակարգում միավորված ժամանակակից զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների հիմնման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ձեւավորման խնդիրները՝ համապատասխան ֆինանսական գնահատականները ներկայացնելով ՀՀ կառավարության քննարկմանը:

Դիտում՝ 3105
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW