Ամերիաբանկը Ֆրանսիական զարգացման գործակալության դուստր «Պրոպարկո» ընկերությունից $20 մլն վարկ է ներգրավել, որը կուղղվի Հայաստանում էներգաարդյունավետության, վերականգնվող էներգետիկայի, գյուղատնտեսության, սննդի վերամշակման, կրթության եւ առողջապահության ոլորտների ֆինանսավորմանը:Համապատասխան պայմանագիրը ստորագրվել է այսօր Երեւանում` Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանի եւ «Պրոպարկո» ընկերության ֆինանսական հաստատությունների գծով ղեկավար Գիյոմ Բարբրուսի միջեւ:«Ամերիաբանկի հետ մեր համագործակցությունը սկսվել է 2013թ., երբ ստորագրեցինք վարկային պայմանագիր` հիմնականում թիրախավորելով գյուղմթերքների արտադրության եւ վերամշակման ոլորտները: Նպատակ ունենք ավելի խորացնել նախորդ ծրագիրը եւ, շարունակելով աջակցել ՀՀ տնտեսության կարեւորագույն ճյուղերից մեկի` գյուղատնտեսության զարգացմանը, այս անգամ ներառել նաեւ էներգետիկայի եւ սոցիալական ուղղվածության ծրագրերի ֆինանսավորումը»,- նշել է Գիյոմ Բարբրուսը:Արտակ Հանեսյանն էլ, կարեւորելով բանկի եւ «Պրոպարկո»-ի միջեւ համագործակցությունը, հույս է հայտնել, որ նոր վարկի ներգրավումը հնարավորություն կտա ընդլայնել հարաբերությունների շրջանակները` ծառայելով բանկի հաճախորդների շահերին:«Այս պայմանագրի ստորագրումը եւս մեկ քայլ է՝ մեր տնտեսության հետագա զարգացման, նոր աշխատատեղերի ստեղծման նպատակով ներգրավելու երկարաժամկետ եւ մատչելի տոկոսադրույքներով ֆինանսական միջոցներ»,- ընդգծել է նա:Անդրադառնալով Banks.am-ի հարցին, թե արդյոք գյուղոլորտում ապահովագրության բացակայությունը չի խոչընդոտում ոլորտի վարկավորման ընդլայնմանը, Արտակ Հանեսյանը նշել է, որ իրենք հիմնականում աշխատում են վերամշակող ձեռնարկությունների եւ ավելի քիչ` ֆերմերային մանր տնտեսությունների հետ, ինչը բանկին թույլ է տալիս զերծ մնալ բերքի հետ կապված անմիջական ռիսկերից:«Ենթակառուցվածքների հետ կապված՝ դեռեւս հնարավորություն չունենք ավելի ընդլայնելու եւ մանր գյուղվարկեր տրամադրելու: Մենք ավելի շատ շեշտը դնում ենք գյուղմթերք արտադրող եւ վերամշակող ձեռնարկությունների վրա»,- պարզաբանել է Արտակ Հանեսյանը: Tweet Դիտում՝ 12756