ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ասել է, որ կառավարության հիմնական գործառույթը ոլորտի բիզնեսմեններին օգնական լինելն է եւ չխանգարելը:Այս մասին վարչապետն ասել է գյուղատնտեսական մթերքների արտադրությամբ եւ վերամշակմամբ զբաղվող մի շարք ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:«Քաղաքականությունը, որ վարում ենք գյուղատնտեսության ոլորտում՝ ճի՞շտ է, թե՞ ոչ, սուբսիդավորումը, որ անում ենք, ճի՞շտ է, թե՞ ոչ, համատարած, որ բոլորի կողքին կանգնում ենք, ճի՞շտ է, թե՞ ոչ: Ո՞նց պետք է կանգնենք. պետք է կանգնենք պոտենցիալ հաջողակի, բեռ վերցնողի կողքին, որպեսզի մենք ձեզ հետ համատեղ ձեւավորենք մեր ստրատեգիան այս ոլորտում»,- ասել է կառավարության ղեկավարը: Անդրադառնալով վերամշակող ձեռնարկությունների համար գազի գնի իջեցման որոշմանը՝ վարչապետն ասել է, որ սակագինն արտոնյալ վիճակում կլինի նրանց համար «այնքան ժամանակ, մինչեւ ոտքի կանգնեն»: Խոսելով սննդամթերքի անվտանգության եւ որակի ապահովման խնդրի մասին՝ գործադիրի ղեկավարը նշել է, որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի փոփոխություն է եղել, որից պահանջվում է խիստ վերահսկողություն իրականացնել ոլորտում: «Ուղղակի դա «շանտղություն է», որ մենք թույլ ենք տալիս կամ չենք հետեւում՝ մեր երեխան, մեր հարսը, մեր աղջիկն ինչ են ուտում»,- ասել է վարչապետը: Կառավարության ղեկավարն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել նաեւ ֆերմերների մասնագիտական պատրաստվածության խնդրին:«Մենք մինչեւ որակը չփոխենք, չգիտեմ՝ ուր ենք գնալու: Ընդհանրապես վաղվա օրը գրագետ մարդու օր է: Եթե դու ժամանակակից չես, եթե դու չգիտես՝ ինչ ես անում ու էֆեկտիվ չես, դու շանս չունես դիմանալու մրցակցային դաշտին: Եկեք առաջարկ ներկայացրեք՝ ոնց ենք մենք մեր գյուղացուն, մեր ֆերմերին կրթում ու ձեւակերպեք իմ ֆունկցիան այդ գործում»,- ասել է վարչապետը:Անդրադառնալով ոլորտի սուբսիդավորման նպատակահարմարության հարցին՝ Կարեն Կարապետյանը տեղեկացրել է. «Մենք անպայման ստեղծելու ենք հիմնադրամ, որի հիմնական նպատակն է լինելու բիզնեսին աջակցելը, բայց՝ որպեսզի բիզնեսը փող աշխատի»: Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետը նշել է, որ ակնկալում է խորհրդակցության մասնակիցներից առաջարկությունների փաթեթ: «Ձեր բիզնեսը ձեր փոխարեն ոչ ոք չի զարգացնելու, մեր երկիրը, մեր գյուղը ոչ ոք մեր փոխարեն չի կառուցելու, ոչ ոք մեզ ձրի փող չի տալու: Փող ենք տալիս, փող ենք աշխատելու այն դեպքում, եթե տրամաբանություն կա: Դուք ինձանից չինովնիկ եք: Որպեսզի մեր հանդիպումն առարկայական լինի, աշխատանքային խումբ ստեղծեք, որը գյուղատնտեսության նախարարի հետ համատեղ կազմի գյուղատնտեսության ոլորտի ստրատեգիան՝ ոնց ենք կրթում, ոնց ենք սուբսիդավորում, ոնց ենք արտոնություն տալիս, ոնց ենք խոշորացնում, արտահանում»,- եզրափակել է Կարեն Կարապետյանը: Tweet Դիտում՝ 3775