Հայաստանյան երեք զբոսաշրջային ընկերություններ նոյեմբերի 7-9-ը Լոնդոնում մեկ տաղավարով մասնակցում են WTM 2016 միջազգային ցուցահանդեսին` Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ: Ինչպես հայտնել են հիմնադրամում, ցուցահանդեսին մասնակցելու նպատակն է հանդիպել գործընկերների, նոր կապեր հաստատել եւ կնքել հնարավոր պայմանագրեր:«World Travel Market-ն աշխարհում մեծությամբ երկրորդ զբոսաշրջային ցուցահանդեսն է, որտեղ հայաստանյան տաղավարն այցելուներին ներկայացնում է մեր երկրի էկոտուրիզմի ու արկածային զբոսաշրջության հնարավորությունները, ինչպես նաեւ դեպի առաջին քրիստոնեական երկիր ուխտագնացության զբոսաշրջային ուղղությունը»,- ասված է հաղորդագրությունում: Ինչպես նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Մկրտիչեանը, միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսների մասնակցությամբ ապահովվում է Հայաստանի եւ հայկական զբոսաշրջային արդյունքի ներկայացումն ու երկրի մասին իրազեկվածության բարձրացումը համաշխարհային շուկայում: «Լոնդոնյան ցուցահանդեսը թույլ կտա ոչ միայն եվրոպացի, այլեւ աշխարհի 180-ից ավելի երկրների զբոսաշրջային կազմակերպություններին, գործակալներին եւ այցելուներին ներկայացնել դեպի Հայաստան եւ Արցախ գրավիչ տուրիստական ուղղությունները»,- ընդգծել է նա:Միաժամանակ, հիմնադրամում ներկայացրել են նախորդ IFTM Top Resa-2016 ցուցահանդեսի մասնակցության արդյունքները:«Շուրջ մեկ ամիս առաջ Փարիզում IFTM Top Resa-2016 ամենամյա միջազգային ցուցահանդեսին մասնակցության արդյունքում Հայաստանի զարգացման հիմնադրամը պայմանավորվածություն է ձեռք բերել 2017թ. հունիսին ՀՀ-ում հյուրընկալել 160 տուրիստական գործակալների, որոնք սեփական ծախսերով կժամանեն մեր երկիր՝ ծանոթանալու ՀՀ զբոսաշրջային հնարավորություններին եւ ներառելու այն իրենց տեղեկատվական նյութերում»,- նշել են հիմնադրամում: Tweet Դիտում՝ 2711