Հերմինե Հարությունյան. Երաշխավորված ավանդների կշիռն այսօր աննախադեպ է

31.10.2016 | 17:20 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի տնօրեն Հերմինե Հարությունյանն այսօր նշել է, որ Հայաստանում երաշխավորված ավանդների տեսակարար կշիռը հասել է աննախադեպ մակարդակի`39,6%:

Այս մասին Հերմինե Հարությունյանն ասել է Հայաստանի բանկերի միության եւ Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից Խնայողությունների համաշխարհային օրվան նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքով` ցուցանիշի աճը հիմնականում պայմանավորված է նախորդ տարի ավանդների հատուցման սահմանաչափը 2,5 անգամ վերանայելու որոշմամբ:

Ըստ Հերմինե Հարությունյանի` չնայած վերջին շրջանում ավանդատուների թվի ավելացման տեմպերը որոշակիորեն դանդաղել են, այդուհանդերձ, նախորդ տարվա համեմատ արձանագրվել է ցուցանիշի շուրջ 5% աճ (1,8 մլն ավանդատու):

Հիմնադրամի տնօրենն ընդգծել է, որ իր ներկայացրած ցուցանիշները վերաբերում են միայն ֆիզանձ հաճախորդներին, իսկ ավանդ հասկացության մեջ ներառված են հաճախորդների հաշիվների մնացորդները (ցպահանջ ավանդ), ժամկետային ավանդները, ինչպես նաեւ բանկերի թողարկած արժեթղթերում ներդրումները, որոնք նույնպես երաշխավորված են պետության կողմից:

Հայաստանի բանկերի միության փոխնախագահ Սեյրան Սարգսյանն էլ նշել է, որ բանկեր նկատմամբ բնակչության վստահությունը շարունակում է աճել: Որպես իր խոսքի ապացույց` նա տեղեկացրել է, որ վերջին 5 տարիներին ավանդների ընդհանուր ծավալն ավելացել է 72%-ով:

Սեյրան Սարգսյանը խոսել է խնայողությունների կարեւորության եւ խնայելու տարբեր մեխանիզմների մասին:  

«Խնայողությունները բարձրացնում են ավելի մեծ ֆինանսական միջոցների հասանելիությունը: Բացի այդ, խնայողություն կատարելը ձեւավորում է որոշակի վարքագիծ, ինչը եւս շատ կարեւոր է, հատկապես` երիտասարդների համար»,- նշել է Սեյրան Սարգսյանը:

Ամփոփվել են նաեւ Խնայողությունների միջազգային օրվա կապակցությամբ այս թեմայով ուսանողների շրջանում կազմակերպված մրցույթի արդյունքները, եւ լավագույն աշխատանքները ներկայացրած 4 մասնակից ստացել է խրախուսական մրցանակ:

Դիտում՝ 6161
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW