Դիլիջանում մեկնարկել է Fintegration հաքաթոնի ամփոփիչ փուլը

28.10.2016 | 12:19 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ ԿԲ Դիլիջանի ուսումնա-հետազոտական կենտրոնում այսօր մեկնարկել է FinTech ձեւաչափի առաջին հաքաթոնի՝ Fintegration-ի ամփոփիչ փուլը՝ բուն հաքաթոնը, որը կշարունակվի նաեւ վաղը:

Ինչպես հայտնել են ԿԲ-ում, ընտրված 25 թիմերը 18-ժամյա հաքաթոնի ընթացքում, օգտագործելով Microsoft-ի BlockChain, Cognitive Services, Cortana Analytics եւ Bot Framework տեխնոլոգիական հարթակներն ու թրեյնինգների ընթացքում ձեռք բերած գիտելիքները, պետք է մշակեն նորարարական լուծումներ եւ դրանք ներկայացնեն ժյուրիին:

«Լավագույն նախագծերը կարժանանան հատուկ դրամական մրցանակների համապատասխան անվանակարգերում՝ «Պարզապես լավագույնը»՝ 610 հազ. դրամ, «Տեխնոլոգիական առաջընթաց»՝ 377 հազ. դրամ, «Իսկապես ստեղծագործական»՝ 233 հազ. դրամ մրցանակներով»,- նշել է «Դոմ-Դենիել» ընկերության տնօրեն Արտաշես Քալանթարյանը:

Նրա խոսքով` Fintegration հապավումն առաջացել է ֆինանսներ, տեխնոլոգիա եւ ինտեգրացիա բառերի համադրումից, որը լավագույնս ներկայացնում է միջոցառման նպատակը:

Տեխնոլոգիական հնգօրյա մարաթոնը կազմված է երկու փուլից։ Առաջին փուլը կայացել է հոկտեմբերի 25-26-ը՝ Երեւանում, որի ընթացքում մասնակիցների համար կազմակերպվել է հատուկ դասընթաց «Մայքրոսոֆթ»-ի գլխամասային գրասենյակի մասնագետների կողմից:

Դասընթացների վերջին օրը՝ հոկտեմբերի 27-ին, ԿԲ-ի եւ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի մասնագետները ներկայացրել են հայաստանյան ֆինանսատնտեսական շուկան, առկա ֆինանսաբանկային լուծումներն ու գործիքները, ինչպես նաեւ նախանշել այն ոլորտները, որտեղ հատկապես կարեւորում են ֆինանսաբանկային եւ  ՏՏ ոլորտների համագործակցությունն ու ակնկալում նոր լուծումներ:

«Նմանատիպ միջոցառումները, անխոս, շատ կարեւոր եւ ողջունելի են: Այս ուղղությամբ շարժվելով՝ մենք կկարողանանք ձեւավորել մրցունակ ՏՏ ոլորտ, ինչը կարող է լրացուցիչ արժեք ստեղծել ոչ միայն ֆինանսական հատվածի, այլեւ ողջ տնտեսության համար»,- ընդգծել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը:
 
«Կենտրոնական բանկը մեծապես կարեւորում է նմանատիպ միջոցառումների անցկացումը, քանի որ ֆինանսական տեխնոլոգիաների կիրառությունը մեծացնում է ֆինանսական կազմակերպությունների արդյունավետությունը՝ միաժամանակ հեշտացնելով ֆինանսական ծառայություններից օգտվողների «կյանքը»»,- ասել է ԿԲ սպառողների պաշտպանության եւ ֆինանսական կրթման կենտրոնի կոորդինատոր Սեւակ Միքայելյանը:

Դիտում՝ 4334
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai