Բլոկչեյն լուծումների մասսայականացման մրցավազքը թեժանում է. ոլորտի առաջատարներն ընդլայնում են գործունեության աշխարհագրությունը՝ կատարելով զգալի ներդրումներ եւ նոր տաղանդներ ներգրավելով հետազոտությունների եւ տեխնոլոգիայի զարգացման գործընթաց: Այդ առիթով ուշագրավ է բլոկչեյն ստարտափ DECENT Հիմնադրամի կողմից «Բլոկչեյն հետազոտությունների եւ զարգացման կենտրոն» Հայաստանում հիմնադրելը. քայլ, որն ուղղված է DECENT-ի գլոբալ կոնտենտի տարածման ազատականացման ոչ այնքան դյուրին նպատակի իրականացմանը նոր թափ եւ որակ հաղորդելուն: Կենտրոնի համահիմնադիր-տնօրեն, Հարվարդի համալսարանի շրջանավարտ Գագիկ Եղիազարյանն այդ կապակցությամբ ասել է.«Հայաստանի ընտրությունը ինքնանպատակ չէ. Անդրկովկասի «Սիլիկոնյան Հովիտը» արդեն իսկ հարյուրավոր տեխնոլոգիական ընկերությունների հանգրվան է: Ինչպես ստարտափների, այնպես էլ շատ վերազգային հսկաների համար այն գնալով վեր է ածվում զարգացման կենտրոնի տեխնոլոգիական այնպիսի ուղղությունների համար, ինչպիսիք են, օրինակ, արհեստական բանականությունը, մեքենայացված ընկալումը, խոշորածավալ տվյալները, «ամպային» լուծումները»:VMware, National Instruments, Synopsys, Mentor Graphics եւ տեղական չեմպիոններ Picsart եւ Joomag-ների կողքին DECENT-ը ներդնում է մինչ այժմ Հայաստանի ֆինանսա-տեխնոլոգիական պորտֆելում բացակայող եւ արագ թափ հավաքող բլոկչեյնի «սաղմերը»՝ թվային կոնտենտի ապակենտրոնացված վաճառքի հարթակի զարգացման կենտրոնի տեսքով: Վերջինիս նպատակն է հեղինակ-միջնորդ-գնորդ շղթայից բացառել միջնորդին:Շահույթ չհետապնդող DECENT-ի հարթակը թույլ է տալիս յուրօրինակ թվային ապրանքների ազատ փոխանակում իրականացնել՝ օգտագործելով վերջինիս վճարումների օժանդակման համակարգը առանց միջնորդավճարի: Երրորդ կողմին զրկելով գործարքից շահելու հնարավորությունից, հարթակը հեղինակին թույլ է տալիս ինքնուրույն ձեւավորել ստեղծագործության գինը, իսկ գնորդին՝ որոշելու. գնել, թե ոչ: Յուրաքանչյուր գործարք գրանցվում է կրիպտոգրաֆիկ լուծումներով հագեցված քիբեր-պաշտպանությամբ օժտված տվյալների պահոցում, որով երաշխավորվում է փոփոխություններ եւ անցանկալի ներխուժումներ կատարելու անհնարինությունը: DECENT-ի համակարգի բոլոր ծառայությունները օգտագործում են նույն ճարտարապետությունը: DECENT-ցանցը, DECENT-երաժշտությունը, DECENT-գրքերը շուտով հասանելի կլինեն, իսկ DECENT-եթերը ամենահավակնոտն է. վերջինս հեղինակ-գնորդ հարաբերությունները համալրում է հազարավոր ֆիլմեր եւ հաղորդումներ ուղիղ եթերում դիտելու հնարավորությամբ: «DECENT-ի նոր «Բլոկչեյն հետազոտությունների եւ զարգացման կենտրոնը» մեծապես կկրճատի արտադրություն-շուկա ժամանակահատվածը: Անկասկած, շատ շուտով ավանդական ոլորտներում ցնցումների նոր ալիքի ականատեսը կլինենք: Բլոկչեյնով պայմանավորված զարգացումների արագությունը խոստումնալից է. ուրախ եմ, որ կարող ենք այս նոր իրականության կայացմանը մեր մասնակցությունը բերել», - ասել է DECENT-ի համահիմնադիր Արման Ալեքսանյանը:Այս պահին DECENT-ը կենտրոնացած է իր նախնական-դրամական-առաջարկ (ICO) գործընթացը հաջող ավարտի հասցնելուն: Մեկնարկից հետո մոտ 4000 հովանավորներ իրենց մասնակցությունն են բերել՝ տրամադրելով $3 500 000-ին համարժեք բիթքոյն: DECENT-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Մատեյ Միխալկոյին ուրախացնում է հատկապես այն փաստը, որ մասնակիցների գերակշռող մասը փոքր գումարներ տրամադրողներ են: «DECENT-ի ուժը իր մասնակիցների, նրանց հզորացման, ինչպես նաեւ խմբագիրների իշխանությունը սահմանափակելու մեջ է: Դեռ երեք շաբաթ կա մինչ գործընթացի ավարտը, եւ DECENT-ը վստահ է, որ կյանքի կկոչի նախատեսված ծրագրերը», - ասել է նա:Թվայնացված եւ քիբեր-պաշտպանված լինելը հրամայական է ինչպես անհատների եւ մասնավոր ձեռնարկությունների այնպես էլ երկրների եւ կառավարությունների համար. վերջինները ակտիվ մասնակցում են բլոկչեյն տեխնոլոգիաների զարգացման եւ ներդրման գործընթացին, ընդլայնելով ոլորտի հնարավորությունները: Շատ երկրներ սկսում են հասկանալ եւ փայփայել կայուն աշխատատեղերն եւ մրցունակության նոր հնարավորությունները, որ իրենց հետ բերում են հաջորդ սերնդի երիտասարդ ձեռնարկություններն ու ձեռնարկատերերը: Ս.թ. սեպտեմբերին հայտնի դարձավ, որ Չինաստանի կառավարությունը աշխատում է բլոկչեյնի վրա հիմնված սոցիալական վճարումների համակարգի մշակման եւ ներդրման ուղղությամբ: Այս տարվա սկզբին Ռուսաստանի Կենտրոնական Բանկը հայտարարեց ֆինանսական համակարգում բլոկչեյն տեխնոլոգիաների հնարավոր կիրառման ուսումնասիրությունների, Ուկրաինայի կառավարությունը հայտարարեց Աուկցիոն 3.0՝ բլոկչեյնի վրա հիմնված պետական ակտիվների վաճառքների թափանցիկությունը ապահովող մրցութային վաճառքների համակարգի, իսկ Վրաստանը՝ բլոկչեյնի կիրառմամբ հողի նկատմամբ սեփականության գրանցման նոր համակարգի մշակման մասին:Հայաստանի տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը կարծիք է հայտնել, որ բլոկչեյնը նոր ու կարեւոր գիտելիք եւ ներդրումային հնարավորություններ է առաջարկում Հայաստանին: Banks.am-ը նշում է, որ բլոկչեյնը տվյալների համակարգ է, որը հնարավորություն է տալիս ստեղծել թվային արժույթով (բիթքոին) կատարված գործարքների գրանցամատյան եւ բաշխել այն ցանցին միացած համակարգիչների միջեւ: Բլոկչեյնում առկա ինֆորմացիան գաղտնագրվում է, ինչը թույլ է տալիս ապահով օգտվել տվյալների բազայից` առանց որևէ համակարգող մարմնի: Tweet Դիտում՝ 22892